Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն այսօր՝ նոյեմբերի 6–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից։
Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Հայոց Հայրապետը նշել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, գոհունակությամբ ընդգծել, որ բարձր մակարդակի այցերով ամրապնդվում են հայ-հունական կապերը: Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ երկու երկրների սերտ հարաբերությունները դրական ազդեցություն են թողնում իրենց աշխարհասփյուռ ժողովուրդների վրա: Այս իմաստով, Նորին Սրբությունը փաստել է, որ իր՝ տարբեր երկրներ կատարած հովվապետական այցերի ժամանակ բազմիցս ականատեսն է դարձել հայ և հույն համայնքների սերտ գործակցությանը և ջերմ փոխհարաբերություններին:
Գարեգին Կաթողիկոսը նշել է, որ 20-րդ դարասկզբին հայ և հույն ժողովուրդների դեմ իրագործված ոճիրը մղում է միմյանց զորակից լինելու և միավորվելու՝ միջազգային ատյաններում իրենց արդար իրավունքի պահանջի ու պաշտպանության համար:
Երախտագիտություն հայտնելով Հունաստանի իշխանություններին հայ համայնքի և Հայոց թեմի նկատմամբ ցուցաբերվող բարեխնամ հոգածության համար՝ Հայոց Հայրապետը եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևորել է նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների դերակատարությունն ու շարունակվող ջերմ փոխհարաբերությունները: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինին և Աթենքի ու Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս Երկրորդին:
Հունաստանի նախագահը նշել է, որ հայ և հույն ժողովուրդների պատմությունն ու բարեկամությունը շաղկապված է արյամբ, ուստի Հունաստանը ևս վկայակոչում և հիշատակում է 20-րդ դարասկզբի ոճիրները՝ դրանց կրկնությունը բացառելու համար:
Նախագահ Պավլոպուլոսն ընդգծել է, որ Հունաստանը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: Բարձրաստիճան հյուրը նկատել է, որ երկու երկրների եղբայրական ջերմ հարաբերությունները կարող են աշխարհում օրինակ ծառայել բազմաթիվ պետությունների համար:
Նախագահը Նորին Սրբությանը փոխանցել է նաև Կ.Պոլսի Տիեզերական Պատրիարքի և Աթենքի ու Համայն Հունաստանի արքեպիսկոպոսի ողջույններն ու բարեմաղթանքները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ քրիստոնեական հավատն ու արժեքները երկու ժողովուրդների կյանքի հիմքն են եղել, որոնց շնորհիվ կարողացել են հաղթահարել բազմաթիվ փորձություններ:
Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Աստծո Ամենախնամ Աջի պահպանության ու օրհնության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր ձեռքբերումներով ի նպաստ եղբայրական երկու ժողովուրդների բարօր կյանքի: