Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպմամբ՝ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է Արցախի անկախությանը նվիրված ամենամյա միջոցառումը, որին ներկա է եղել Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը. Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
«Երբ մենք կանգնած ենք այստեղ՝ Կոնգրեսի սրահներում, մեզ հիշեցնում են, որ Արցախը շատ ամերիկյան պատմություն է, այսինքն՝ այն ազատ մարդկանց հաղթանակն է օտարերկրյա ղեկավարության նկատմամբ»,- ասել է Հայ դատի հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը:
Վերջերս Արցախ այցելած կոնգրեսականները ներկաներին պատմել են հանրապետության առաջընթացի մասին, ներկայացրել իրենց ձգտումը՝ ավելի սերտ կապեր հաստատելով ԱՄՆ-ի և Արցախի միջև: Նրանք նաև գոհունակություն են հայտնել դրանից մեկ օր առաջ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ:
«Այն, որ ես եղել եմ այնտեղ, ինձ ավելի վճռական է դարձրել Արցախի պաշտպանության հարցում»,- ասել է դեմոկրատ կոնգրեսական Ջուդի Չուն, որը հանդես է եկել ԱՄՆ «Պետական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն անելու առաջարկով, որի հիման վրա էլ ընդունվել են Ռոյս-Էնգելի խաղաղ առաջարկները, այդ թվում՝ դիպուկահարների հեռացումը շփման գծից, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը շփման գծում և հրադադարը խախտողին հստակ նույնականացնող համակարգերի տեղակայումը:
Կոնգրեսականը մանրամասնել է նաև, որ Արցախ այցից առաջ ադրբեջանական հյուպատոսությունից իրեն մի քանի անգամ այցել են և զգուշացրել, որ դա կարող է ծանր հետևանքներ ունենալ: Արցախից վերադարձից հետո Չուին ներառել են Ադրբեջանի կառավարության տխրահռչակ «սև ցուցակում», ինչը կոնգրեսականը համարում է «առանձնահատուկ պատիվ»:
Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն, որն Արցախ ամենաշատ այցելած կոնգրեսականն է և վերջերս կոնգրեսական խմբի հետ նույնպես եղել էր Արցախում, նշել է. «Ես զարմացած եմ, թե ինչ առաջընթաց է ապրել երկիրը վերջին 10-20 տարիների ընթացքում: Դա ոչ միայն ժողովրդավարական, թափանցիկ և օրինապաշտ երկիր է, այլև տնտեսապես է դառնում օր օրի լավը»:
Կոնգրեսականը նշել է, որ ինքն ու Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով խմբի անդամները շարունակելու են ջանքերը Արցախին ուղղված նոր ծրագրերի իրականացման գործում:
Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, Փալոնեն շնորհակալություն է հայտնել բոլոր՝ բանաձևին կողմ քվեարկած կոնգրեսականներին, նաև ամերիկահայ համայնքին, որի տասնամյակների անձնուրաց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ այդ ամենը:
Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով խմբի մյուս համանախագահ Ջեքի Սփեյերը մեջբերել է Ուինսթոն Չերչիլի խոսքերը՝ «Երբեք, երբեք, երբեք մի՛ հանձնվիր», ապա շարունակել, որ բանաձևի քվեարկությունը ցույց տվեց, որ պետք չէ կորցնել հույսը, հարկավոր է միշտ պահպանել հավատը: Նա իր այցը Արցախ բնորոշել է որպես «հիասքանչի սահմանագծից այն կողմ» և «բացառիկ փորձ»:
«Տպավորիչ էր տեսել հույս, հպարտության զգացում, որոնք ամենուր էին»,- ասել է կոնգրեսականը, որը նաև այցելել է The HALO Trust, ծանոթացել ականազերծմանն ուղղված նրանց ջանքերին և խոստացել ֆինանսական օգնություն ցուցաբերել նախագծի ավարտի համար:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրեդ Շերմանն էլ հայտարարել է. «Մենք այլևս Հայոց ցեղասպանությունը ժխտողների հանցակիցը չենք: Ամերիկայի պատվի վրա այլևս բիծ չկա»: Ըստ նրա՝ Ներկայացուցիչների պալատն ամեն տարի ապրիլի 24-ին պետք է օրենսդրորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսականը Արցախի արտգործնախարարին է հանձնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճենը՝ որպես այդ մեծ հաղթանակի հիշատակ:
Ինչ վերաբերում է Արցախին, Շերմանը վերահաստատել է իր նվիրվածությունը Արցախին աջակցության ապահովմանը, «Պետության պաշտպանության մասին» օրենքում իր առաջարկած փոփոխությանը, ըստ որի՝ արգելափակվում է Ադրբեջանին ամերիկյան պաշտպանական ապրանքների մատակարարումը, որպեսզի դրանցով չխոցվեն քաղաքացիական ինքնաթիռներ, ինչի սպառնալիքը Ադրբեջանի իշխանությունները հնչեցրել են դեռևս 2011-ին:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։