Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարզպետարանի և կառավարության դիմաց կազմակերպած բողոքի ակցիաները լսելի չդարձրին մեր ձայնը պատկան մարմիններին. այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, հրավիրված ասուլիսում ասացին Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները: Նրանց խոսքով՝ չի փոխվել իրենց պահանջը՝ չեղարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անօրինական որոշումը և նախկին համայնքապետին վերականգնել պաշտոնում:
Նորաշենի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանն ասաց, որ Նորաշեն համայնքում համայնքապետին լիազորություններից զրկելու` ավագանու արտահերթ նիստն իրավազոր չէ, քանի որ ավագանու 5 անդամի ստորագրություն չի ապահովվել: «Բայց էստեղ մի շատ կարևոր նրբություն կա` ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը` իր կամ ավագանու անդամների օրենքով սահմանված թվի առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Համայնքի ղեկավարը նիստ չի հրավիրել, որովհետև արդեն գնում է լուծարման գործընթաց, իսկ ավագանին պնդում է, որ իրենք նիստ են գումարել, ու ասում են, որ նույնիսկ քվեարկություն է եղել»,- ասաց նա` նշելով, որ այդ փաստաթուղթն էլ 17 օր թաքցրել են:
Մինասյանը հավաստեց, որ այս փաստաթուղթը որևէ տեղ մուտքագրված չի եղել, համայնքապետարանն էլ փաստացի չի աշխատում, չեն կարողանում տեղեկանքներ տալ:
Նա հաղորդեց, որ իրենք գնալու են իրավական ճանապարհով և վստահ են՝ հաղթելու են, քանի որ տեղի ունեցածը հակաիրավական է:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ ավագանու արտահերթ նիստի արձանագրության հիման վրա համայնքապետին լիազորություններից զրկելու որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ մարզպետը համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցրել է և համայնքապետ է նշանակել ավագանու անդամներից մեկին՝ Արտակ Հարությունյանին: Նորաշենցիները պահանջում են նախկին համանքապետին վերականգնել պաշտոնում: Իրենց պահանջը բողոքի ակցիայի ձևով նրանք ներկայացրել են նաև կառավարության շենքի դիմաց: Նրանց պնդմամբ՝ մարզպետ Գարիկ Սարգսյանն իրենց չի ընդունում և խնդրին լուծում չի տալիս, քանի որ համայնքի բնակիչներից մեկը նրան կոկորդիլոս է անվանել, և հիմա նա պահանջում է իրենից հրապարակավ ներողություն խնդրել: