կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 09:17
Քաղաքական

Վալերիյ Օսիպյանի հարկադիր հանգիստը, կամ՝ վերջին նշանակումների հետքերով. «168 ժամ»

Վալերիյ Օսիպյանի հարկադիր հանգիստը, կամ՝ վերջին նշանակումների հետքերով. «168 ժամ»

«Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերիյ Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել: Վալերիյ Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից և ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Վալերիյ Օսիպյանի արձակուրդը չվճարվող է:

Տարօրինակ է, սակայն, որ նախկին ոստիկանապետն արձակուրդ է մեկնում իր՝ գլխավոր խորհրդական նշանակվելուց անմիջապես հետո, հատկապես, որ 168.am-ին տեղեկություններ հասան, որ Վալերիյ Օսիպյանի հապճեպ արձակուրդ մեկնելը կապ ունի պաշտոնանկությունից անմիջապես առաջ նրա ստորագրած թվով շուրջ 40 հրամանների հետ, որոնցով նա տարբեր մարդկանց պաշտոնների էր նշանակել, ոմանց էլ՝ խոստումներ տվել։

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ հեռանալուց մեկ օր առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համակարգում հասցրել էր մի շարք նշանակումներ անել, ամենայն հավանականությամբ՝ այն մարդկանց, ում խոստացել էր պաշտոն կամ արդեն պայմանավորվել էր: Օսիպյանը մոտավորապես 40 հրաման էր ստորագրել, մոտ 10 տարբեր աստիճանի պաշտոնյաների նշանակումներ և այլ համակարգային փոփոխություններ: Բացի այդ, Օսիպյանն աշխատանքից ազատել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ ՀՀ ՌԴ ՆԳՆ-ում: Ըստ հրապարակումների՝  Օսիպյանը նաև զենքեր էր նվիրել համակարգում աշխատող բազմաթիվ աշխատակիցների:

Ոստիկանության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, սակայն, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, վերանայել է Օսիպյանի վերջին հրամանները: Նա հերթով կանչել է նորանշանակներին և ուղարկել հին պաշտոններին, այդպես հրամանների մեծ մասը վերանայվել են: Իհարկե, ոչ մեկը չի ցանկանում զրկվել իր նոր պաշտոնից, սակայն այլընտրանք չկա` կամ ուղարկում են կադրերի ռեզերվ, կամ հին պաշտոնին: ՌԴ ՆԳՆ-ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանի հրամանը ևս «հետողորմյա» է արվել։ Համակարգում այդ կապակցությամբ կատակում էին՝ իրերը ուղարկեց, բայց ինքը տեղ չհասավ…

Մեր տեղեկություններով՝ այս պահին ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանը և Ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ վարչության) վարչության պետ, գնդապետ Բաբկեն Սեդրակյանն ընտանիքներով գտնվում են ԱՄԷ Դուբայ քաղաքում, ուր վերջինս տուն ունի։ 168.am-ի նույն աղբյուրը պնդում է, որ երկրից Օսիպյանի բացակայությունը կապ ունի նրա՝ պաշտոնից հեռանալուց առաջ ստորագրած, բայց այդպես էլ իրականություն չդարձած վերոնշյալ թվով 40 նշանակումների հետ, որոնք հարցեր ունեն ներկայացնելու։

Ի դեպ, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Վալերիյ Օսիպյանի համար անակնկալ է եղել իր՝ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվելու լուրը, իսկ մինչ այդ նա փորձում էր «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի ունեցած կապերի միջոցով կազմակերպել իր տեղափոխությունը Մոսկվա, այն է՝ դառնալ ՌԴ-ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչը։

Արմեն Գինոսյանը բիզնես միջավայրում փոքր մարդ չէ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան է պատկանում Աբովյան փողոցում գտնվող լյուքս դասի «Դը Ալեքսանդր» հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է։

Վերջինս մոտ է Օսիպյանի հետ և շատ հարցերում նրան հովանավորում է։

Ինչևէ, առաջիկայում կփորձենք այս տեղեկությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տրամադրել, իսկ մինչ այդ կսպասենք ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի՝ Հայաստան վերադարձին»,-գրում է թերթը: