Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության կաբինետի ձևավորման համար` Սահմանադրությամբ նախատեսված վերջին օրը ՀՀ արտգործնախարարի պաշտոնում վերանշանակեց Էդվարդ Նալբանդյանին, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում՝ իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:
Թե ի՞նչ ենթատեքստ ուներ Նալբանդյանի վերանշանակումը, առանձին քննարկման առարկա է: Այս պահին կարելի է միայն նշել, որ արտաքին քաղաքականության ուղենիշները, ուղղվածությունն էական փոփոխության չեն ենթարկվի: Ի տարբերություն դրա՝ պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը խոսում է զինված ուժերում ավելի խորքային փոփոխությունների մասին: Նախագահը ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին՝ նրա փոխարեն այդ պատասխանատու պաշտոնում նշանակելով մինչ այդ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին: Իսկ Յուրի Խաչատուրովը նշանակվել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարիներով Արմեն Գևորգյանին:
Թե\' պաշտպանության նախարարի և թե\' գլխավոր շտաբի պետի փոփոխությունը զուտ կադրային վերադասավորումներ չեն, դրանք փաստացի նշանակում են պաշտպանական քաղաքականության ընդհանրական վերանայում, որը տեղի է ունենում ապրիլյան պատերազմի և դրա հետևանքների ազդեցությամբ: Թե\' Սեյրան Օհանյանը և թե\', առավել ևս, Յուրի Խաչատուրովն ասոցացվում էին այդ պատերազմը չկանխարգելելու և ունեցած տարածքային կորուստների հետ, կրում էին դրա ուղղակի, թե անուղղակի պատասխանատվության մի մասը: Այս իմաստով երկու ֆիգուրների հեռացումն այդ պատերազմից հետո կատարված կադրային փոփոխությունների տրամաբանական շարունակությունն էր:
Թվում է, թե Յուրի Խաչատուրովը նշանակվել է համարժեք պաշտոնում: ՀՀ նոր Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ կետով` Անվտանգության խորհուրդն է սահմանում պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Իսկ պաշտպանության նախարարը հենց այդ ուղղությունների շրջանակներում է իրականացնում զինված ուժերի ղեկավարումը: Այս իմաստով` թվում է, թե Խաչատուրովը շարունակելու է մնալ պաշտպանության ոլորտում առանցքային քաղաքականություն «թելադրողներից» մեկը: Իրականում, սակայն, դա միայն սիմվոլիկ նշանակություն է ունենալու: Նախ՝ Անվտանգության խորհուրդը ներկայումս ղեկավարում է հանրապետության նախագահը. ԱԽ քարտուղարը, այս իմաստով, առավել ևս ՊՆ-ի վրա ներգործության լայն լծակներ և դիապազոն չունի: Բացի դրանից` նոր Սահմանադրությամբ` ԶՈւ-ի նկատմամբ Անվտանգության խորհրդի գործառնական դերակատարության մեծացումը տեղի է ունենալու 2018թ. ապրիլից հետո, երբ նոր նախագահի ընտրությունից հետո ուժի մեջ կմտնեն ԱԽ-ին վերաբերող սահմանադրական նոր կարգավորումները: Եվ Խաչատուրովը որևէ երաշխիք չի կարող ունենալ, որ դրանից հետո ևս շարունակելու է զբաղեցնել ԱԽ քարտուղարի պաշտոնը: Ավելի շուտ տպավորությունն այնպիսին է, որ Խաչատուրովին պարզապես հեռացրել են ԶՈՒ-ից՝ ընտրելով, այսպես ասած, սահուն մեկուսացման տարբերակը: Անկախ ամեն ինչից՝ նա մեծ հեղինակություն ունի բանակի հրամկազմի շրջանում, բոլորովին էլ երկրորդական դեմք չէ, և այդ գործոնը նախագահը հաշվի չառնել չէր կարող: ԱԽ-ի պաշտոնում Խաչատուրովի նշանակման որոշումը դժվարությամբ կայացված կոմպրոմիսի արդյունք է: Այն, որ այս նշանակումները կատարվեցին միայն կառավարության կաբինետի ձևավորման համար սահմանված ժամկետի վերջին օրը, հաստատում է շահերի լուրջ բախումներն այս հարցում:
Իսկ ԳՇ պետի պաշտոնում Մովսեն Հակոբյանի նշանակմամբ փաստացի խնդիր է դրվել միջանկյալ այս շրջանում էականորեն բարձրացնել բանակի օպերատիվ ներքին կառավարման կենտրոնացվածությունը: Խաչատուրովի «մեկուսացումը» և Հակոբյանի առաջ քաշումը խորհրդանշում են բանակի կառավարման վրա հանրապետության նախագահի անմիջական ազդեցության մեծացումը և օպերատիվ որոշումների կայացման գործընթացին նրա անմիջական մասնակցությունը: Մովսիսյանն ակնհայտորեն ՀՀ ԶՈՒ-ում չունի այն թափն ու ներգործությունը, ինչ Խաչատուրովը, ինչը ենթադրում է, որ նա ավելի կախված կլինի նախագահից:
Փոխարենը` Վիգեն Սարգսյանի հիմնական գործունեությունը կուղղվի, այսպես կոչված, պաշտպանական դիվանագիտությանը: Սարգսյանը գուցե կփորձի պաշտպանության ոլորտում բալանսավորել արտաքին վեկտորները: Օհանյան-Խաչատուրով տանդեմը լիովին տեղավորվում էր, այսպես ասած, ռուսական կողմնորոշման ծիրում: Վիգեն Սարգսյանը, թերևս, փորձի այս առումով ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել: Թերևս հենց այս նկատառումով է նախագահը նախընտրել նրան նշանակել ոչ թե արտաքին գործերի, այլ հենց պաշտպանության նախարար: Նա ռազմական ոլորտի մասնագետ չէ և ներկայիս կաբինետում միակ նախարարն է, որի նշանակումը չի տեղավորվում «տեխնոկրատիզմ»-ի սահմաններում:
Սակայն պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ կադրային փոփոխությունները, մեծ հաշվով, միջանկյալ են: 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո կձևավորվի նոր կառավարություն: Բայց ամենակարևորը՝ 2018թ., երբ Սերժ Սարգսյանը կսպառի իր պաշտոնավարման ժամկետը, տեղի կունենա նոր իշխանության վերջնական ձևավորում: Պաշտպանության համակարգում նոր, հիմնարար մոտեցումները կամրագրվեն հենց այդ ժամանակ: Այսինքն` ամենևին չի բացառվում, որ Վիգեն Սարգսյանի համար պաշտպանության նախարարի պաշտոնը ցատկահարթակի դեր կատարի: Այսինքն` չի կարելի բացառել, որ, պաշտպանության նախարարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելով, նրան «պատրաստում» են ապագա իշխանությունում և կառավարման համակարգում այլ` առավել պատասխանատու դերակատարման:
Գևորգ Դարբինյան