Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը Սահմանադրական դատարանի մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը որևէ կերպ չի կարող մեկնաբանել՝ մեկ պարզ պատճառաբանությամբ՝ սահմանադրագետ չէ: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել, իսկ ինքը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական գնահատական տալ չի կարող:
«Դրա պատասխանը պետք է սահմանադրագետները տան, իսկ ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ ու գնահատական տալիս եմ այն խնդիրներին, որոնց տիրապետում եմ: Չգիտեմ՝ ԱԺ-ն ՀՀ Սահմանադրությամբ որևէ իրավասություն այստեղ ունի՞, թե՞ ոչ: Եվ երբ այդ հարցին մեր իրավագետները պատասխան տան, այդ ժամանակ կմեկնաբանենք»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ Yerkir.am-ին ասաց, որ շտապած կլինենք, եթե քաղաքական՝ ընդամենը մեկ գործչի հայտարարության հիման վրա փորձենք քաղաքական գնահատական տալ: Ընդգծեց՝ նախ ՍԴ-ն պետք է հիմնավորի, թե որ օրենքի որ դրույթով է առաջնորդվել, և այդ հիմնավորումները տեսնելուց հետո միայն կարելի է դատողություններ անել:
Մեր հարցին, թե իշխող քաղաքական ուժը, կարծես, հող է նախապատրաստում ՍԴ-ի շուրջ ինչ-որ գործընթացներ զարգացնելու համար, ԲՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Ես չեմ կարող այդպիսի հայտարարություն անել կամ կարծիք հայտնել, որովհետև դրա բավարար հիմքերը չունեմ: Իհարկե, ցանկացած կարծիք ունի կյանքի իրավունք, բայց կիսել այդ կարծիքն ու այն պաշտպանել չեմ կարող, քանզի, կրկնում եմ, դրա համար բավարար հիմքեր չունենք: ԱԺ նախագահը, օգտվելով հայտարարություն անելու՝ իր իրավունքից, հայտարարություն է արել: Հիմա` գնահատել իրավիճակը ճիշտ չէ ո՛չ այս, ո՛չ այն կողմում: Թող ՍԴ-ն ինքը պարզաբանի, դրանից հետո կլինեն քաղաքական գնահատականներ: Այժմ ավելորդ շտապողականություն դրսևորելու կարիք չկա, գնդակը ՍԴ-ի դաշտում է»: