կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-09 12:56
Հասարակություն

Նախորդ հոկտեմբերի համեմատ` սպառողական շուկայում գները նվազել են 0,9 տոկոսով

Նախորդ հոկտեմբերի համեմատ` սպառողական շուկայում գները նվազել են  0,9 տոկոսով

Վերջին 10 տարիներին հիմնականում գնաճ է արձանագրվել, իսկ 2016 թ. հոկտեմբերին, 2015 թ. դեկտեմբերի համեմատ,  սպառողական շուկայում արձանագրվել է 3,1 տոկոս գնանկում. խոսելով վերջին ամիսներին Հայաստանում սպառողական գների փոփոխությունների մասին` լրագրողներին ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝  2016թ. հունվար ամսին արձանագրվեց բարձր գնաճ`2,2 տոկոս, իսկ փետրվարից մինչև օգոստոս`  բոլոր ամիսներին, արձանագրվել է գնանկման միտում: «Սկսած սեպտեմբերից` սպառողական շուկայում արձանագրվեցին գնաճային միտումներ, սեպտեմբերին գնաճը կազմեց 0,1 տոկոս, հոկտեմբերին` 0,5 տոկոս: Արձանագրվել է գնաճ՝ ձվի` 0,9 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի` 6,2 տոկոս, մրգի` 0,2 տոկոսով, շաքարավազի` 2,9 տոկոսով , կենդանական և բուսական յուղի` 0,7 տոկոսով, այդքանով բարձրացել են նաև ձկնամթերքի գները, իսկ մսամթերքի և կաթնամթերքի գները աճել են 0,2 տոկոսով: Գնանկում է արձանագրվել՝ հրուշակեղենի և ոչ ոգելից խմիչքների գներում: Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` սպառողական շուկայում գները նվազել են  0,9 տոկոսով»,- ասաց Մարտիրոսյանը:

Լրագրողների հարցին՝ ամեն տարի դեկտեմբերին գնաճ է լինում, ի՞նչ կանխատեսումներ կան այս տարվա համար, նա պատասխանեց, որ իրենք կանխատեսումներով չենք զբաղվում, բայց նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ, սկսած սեպտեմբեր ամսից, սպառողական շուկայում արձանագրվում է գնաճ` բոլորին հասկանալի պատճառով:

Անդրադառնալով վառելիքի շուկային` Մարտիրոսյանը հայտնեց, որ վերջին 1 ամսում բենզինի գները նվազել են 3,2 տոկոսով , դիզելային վառելիքինը` 1,7 տոկոսով: