կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 11:48
Հասարակություն

Ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է մոտ 9 տոկոսով

Ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է մոտ 9 տոկոսով

Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԿԳ նախարար Ա. Աշոտյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է նոր ուսումնական տարվան ընդառաջ: Նախարարը ներկայացրեց, որ այս տարի սպասվում է, որ  շուրջ 40 հազար դպրոցական է դպրոց գնալու, թեեւ այդ թիվը վերջնական չէ, քանի որ մարզերից ստացված տվյալները դեռեւս վերջնական չեն, բայց մինչև սեպտեմբերի 10-ն այդ թիվը կճշտվի:

 

ԿԳ նախարար Ա. Աշոտյան նշեց, որ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ բարելավվել է ուսումնական հաստատությունների վիճակը: Նախարարը նաեւ անդրադարձավ այն փաստին, որ ուսուցիչներ չեն կրճատվել` շեշտելով, որ կրթության ոլորտը մեծ գործատու է: Ավելին, Աշոտյանի խոսքերով` ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են մոտ 9 տոկոսով:

 

Ապա նախարարը տեղեկացրեց, որ գալիք ուսումնական տարում կթարմացվի և կփոխվի ավագ դպրոցների գույքը, ինչպես նաև կգործի «Կայուն սնունդ» ծրագիրը, որը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և գյուղատնտեսական բաղադրիչներ է պարունակում: Այդ ծրագիրը սեպտեմբերի 1-ից կմեկնարկի Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, իսկ ուսումնական տարվա ընթացքում` նաեւ Արարատի մարզում:

 

Աշոտյանը հայտնեց, որ այս ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում նոր կոնցեպտ է ներդրվելու` ռազմահայրենասիրական, որը մշակվելու է ԿԳՆ-ի, ԵԿՄ-ի, ՊՆ-ի հետ համատեղ: 10 պիլիոտային դպրոցներում տարեսկզբից նոր` «Ազգային երգ ու պար» առարկան է մտցվելու, որը հետագայում կուսուցանվի բոլոր դպրոցներում: Այս տարի կգործարկվի վիրտուալ 8 լաբորատորիա` 4 առարկաներից, որով փորձ կարվի փոխհատուցել իրական լաբորատորիաների պակասը, և աշակերտները կկարողանան գոնե փորձեր անել «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից:

 

Աշոտյանն անդրադարձավ նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին` շեշտելով, որ այս պահին քոլեջներում և ուսումնարաններում աննախադեպ մեծ է եղել պետպատվերի ծավալը` մոտ 50 տոկոս ավելացել է նախորդ տարիների համեմատ, և սա առաջացրել է աժիոտաժ ու ապացուցում է, որ միջին մասնագիտական ուսուցումը ՀՀ-ում մեծ պահանջարկ ունի:

 

Բուհերի առումով նախարար հայտնեց, որ երեկ հանդիպել է համալսարանների ռեկտորների հետ, և քննարկել են նոր ուսումնական տարվա մեկնարկը, դրան առնչվող հարցեր, կոռուպցիայի և անվտանգության հետ կապված հարցեր: Այս տարի հայկական բուհերը աննախադեպ գրանտներ են շահել և մոտ 15 տեմպուսային ծրագրեր ունեն, ինչը կարևոր է ՀՀ-ի համար, քանի որ այդ ծրագրերով սովորողները դրսում ներկայացնում են Հայաստանը: