Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տրվող ֆինանսական օգնության ծավալներն ու դրա փոփոխությունները պետք է դիտարկել ԱՄՆ արտաքին քաղաքականության հարափոփոխ ուղղությունների շրջանակներում։ Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալներին՝ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում 100 մլն դոլար է հատկացնելու Ադրբեջանին և 7 մլն դոլար` Հայաստանին։ Համեմատության համար ասենք, որ 2018 թ. ֆինանսական տարում Ադրբեջանն ստեցել է 58.6 մլն դոլար, իսկ Հայաստանին տրամադրված օժանդակությունը կազմել է 4.2 մլն դոլար:
Գանտահարյանի խոսքով՝ Ադրբեջանին տրվող օժանդակության մեծագույն մասը տրամադրվում է հակաահաբեկչական խմբավորումների, կազմակերպված հանցավորության և թմրաշրջանառության դեմ պայքարի, առափնյա և սահմանային անվտանգության, ռազմական հետախուզության ոլորտներում իրականացվող աշխատանքների համար.
«Գումարի ծավալը նախանշում է, որ նշված ոլորտներում Ադրբեջանում կան նաև խորը խնդիրներ։ Քաղաքական մասով, իհարկե, այստեղ հիմնականում նկատելի է Իրանի գործոնը, հատկապես, որ այդ հատկացումներն ուղղվում է նաև սահմանային անվտանգության ամրակայման աշխատնքներին։ Պարզ է, որ քաղաքական հաշվարկում կա Իրանում ապրող բազմամիլիոնանոց ազերիների հարցը, Իրանի մեկուսացման ընդհանուր քաղաքականությունը, որոշակի հավանականությամբ նաև Անկարայի հետ լարված իրավիճակում Բաքվի հետ կամուրջները բաց պահելը։ Կարծում եմ՝ Մոսկվայի կողմից Բաքվին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու քննարկումները ևս որոշակի ազդեցություն կունենան նման բյուջեի առաջացման վրա»։
Հարցին՝ Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևն արգելվում է Ադրբեջանին տրամադրել ռազմական աջակցություն, բացառությամբ սահմանված դեպքերի: Այս պարագայում ինչպե՞ս է հաջողվում ադրբեջանական լոբբիստական կառույցներին գտնել շրջանցման զարտուղի ուղիներ, Գանտահարյանը պատասխանեց՝ արգելքները շրջանցելու ուղիներ պետությունները միշտ կարող են գտնել, երբ շահերից բխած քայլերի դիմելու հրամայականի առաջ են կանգնած։
«Ֆրանսիան, հակառակ օրինական արգելքին, զինտեխնիկայի առք ու վաճառքի պայմանագիր է կնքում Բաքվի հետ՝ հայտարարելով, որ վաճառված զինատեսակները չեն օգտագործվելու Արցախի դեմ։ ԱՄՆ ներկայացուցիչների տան պալատը որդեգրեց բանաձև, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի զինատեսակների փոխանցումը Բաքվին, ինչը, կարող է օգտագործվել Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու համար։
Որոշակի պայմանականությամբ զինտեխնիկայի առք ու վաճառքը կատարվում է. Բոլթոնը Երևանում ասել էր, որ ամերիկյան զինտեխնիկան ավելի կատարելագործված է և կարող եք գնել ամերիկյանը։ Ուզում եմ ասել, որ երեք համանախագահող երկրները, ընդունելով արցախյան հակամարտության հանգուցալուծման բացառապես խաղաղ միջոցի գերադասումն ու սկզբունքը, հակամարտող կողմերին առաջարկում են գնել զինտեխնիկա՝ պայմանով՝ այն չօգտագործել հակամարտության ընթացքում։ Իհարկե պարզ չէ, թե այդ պայմանի վերահսկողությունն ինչպես է լինելու»,- նշեց Գանտահարյանը։