կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-16 13:23
Քաղաքական

Մենք կցանկանանք, որ Վաշինգտոնը ճնշում չգործադրի Երևանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար. Արարատ Միրզոյան

Մենք կցանկանանք, որ Վաշինգտոնը ճնշում չգործադրի Երևանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար. Արարատ Միրզոյան

Հայաստանը հետաքրքրված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Նրա գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար:

Միրզոյանը չի տեսնում խոչընդոտներ հարաբերությունների խորացման առումով, սակայն անհրաժեշտ է ավելի հստակ օրակարգ:

«Մեր հարաբերությունները պետք է դիվանագիտական հռչակագրերի դաշտից տեղափոխվեն հստակ գործընկերային հարաբերությունների դաշտ: Անհրաժեշտ է կառուցել օրակարգ՝ ուղղված դեպի կոնկրետ նպատակների իրականացում»,- ասում է Միրզոյանը։

Երախտագիտություն հայտնելով տարիների ընթացքում տրամադրված ամերիկյան օգնության համար՝ նա ընդգծում է՝ Միացյալ Նահանգների աջակցությունը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, ներդրումային, փորձի փոխանակման ոլորտներում, այնպես էլ քաղաքական դաշտում: Ամերիկյան աջակցության հարցում, սակայն, ըստ խոսնակի, դեռևս առկա են շատ անելիքներ:

«Կարծիքներ կան, որ ԱՄՆ կարող է ավելի շատ աջակցել: Կան նաև կարծիքներ, որ դրա պատճառն է Հայաստանի հեղափոխության ներքաղաքական բնույթը»,- ասում է Միրզոյանը:

Խոսնակն ընդգծում է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կարևորում է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայաստանի 4 սահմաններից երկուսը փակ են: Հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ մեկ այլ բարեկամ երկրի, գտնում է խոսնակը:

«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- նշում է Միրզոյանը:

Պատասխանելով Լեռանին Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցին՝ խոսնակը խնդիրը դիտարկում է մարդու իրավունքների դաշտում՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ընդգրկումը բանակցային գործընթացում:

Ներքաղաքական և տնտեսական զարգացումների մասին խոսելիս Արարատ Միրզոյանն ընդգծում է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը և կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Նա վերահաստատել է գործող իշխանության հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:

«Այսօրվա իշխանությունն ունի ուժեղ քաղաքական կամք և հավատարմություն ժողովրդավարական արժեքներին, կոռուպցիայի դեմ պայքարին և օրենքի գերակայության հաստատմանը»,- ասում է նա:

Նույն օրը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում հայ խորհրդարանականների պատվիրակությունը հանդիպել է ամերիկահայ համայնքի հետ: Իր ելույթում խոսնակ Միրզոյանը ողջունել է Վաշինգտոնի հայ համայնքին՝ անդրադառնալով հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումներին ու երկրում առկա մի շարք կարևոր խնդիրներին: