կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-13 19:39
Արցախ

Արցախում կայացել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության 7-րդ համագումարը

Արցախում կայացել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության 7-րդ համագումարը

Այսօր՝ հուլիսի 13-ին, Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության 7-րդ համագումարը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Անհայտ  կորած  ազատամարտիկների  հարազատների  միություն»   ՀԿ  նախագահ  Վերա  Գրիգորյանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում եղել են իրենց կողքին և ցուցաբերել են թե´ նյութական և թե´ բարոյական օգնություն:

«Կազմակերպությունն իր գոյության 25 տարիների ընթացքում հաղթահարելով բազում դժվարություններ ձեռք է բերել որոշակի հաջողություններ: Միությունում հաշվառված են 773 անհայտ կորածներ, որից 250-ն ազատամարտիկներ են: Կազմակերպության անդամների թիվն ավելի քան 3200 է: Մեր միությունը սերտորեն համագործակցել ու համագործակցում է  տարբեր միությունների, հասարակական կազմակերպությունների, կառավարության տարբեր օղակների, ինչպես նաև բարերարների հետ, որոնց օժանդակությամբ էլ միջոցներ է հայթհայթել անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու համար:Մենք կապված ենք հայոց բանակի հետ և պարբերաբար լինում ենք զորամասերում, հանդես գալիս տարբեր միջոցառումներով:Այցելում ենք նաև անհայտ կորած ազատամարտիկների անապահով ընտանիքներին և հնարավորին չափ նյութական օգնություն ցուցաբերում: Սակայն վերջին շրջանում մեր միությունը հայտնվել է խիստ սուղ ֆինանսական վիճակում, ինչն անկատար է թողել մեր որոշ նախատեսումներ:Մենք մինչև այժմ ուժ  ու եռանդ չենք խնայել լուծելու մեր առջև դրված խնդիրները: Մեր կազմակերպության անվանն ու կանոնադրությանը համապատասխան սատարում ենք միմյանց՝ հուսալով, որ գուցե մի հրաշալի օր տղաները կվերադառնան տուն, և մենք նրանց  կդիմավորենք հագիստ խղճով ու պարզ ճակատով»,- մասնավորապես ասել է նա:

Համագումարի ընթացքում ընտրվել են վարչության անդամների և վերստուգիչ հանձնաժողովի  նոր կազմերը:Քվեարկության արդյունքում Վերա Գրիգորյանը կրկին դաձել է «Անհայտ  կորած  ազատամարտիկների  հարազատների  միություն»   ՀԿ-ի նախագահ: