Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը զուրկ է բանականությունից եւ չունի իրավական որեւէ հիմք: Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության նախկին ղեկավար Մոհամեդ ալ Բարադեին:
Նա նշել է, որ ներկայիս իրավիճակն իրեն հիշեցնում է իրաքյան պատերազմին նախորդող օրերը:
«Ես սարսափած եմ: Նրանք, ում ես ժամանակին խելագար էի անվանում, խոսում են զինված հակամարտության հնարավորության մասին եւ փորձում պատերազմ սադրել»,- ասել է Բարադեին:
Ըստ նրա` հիմնական խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը որոշեց միակողմանիորեն դուրս գալ Միջուկային համապարփակ համաձայնագրից: «Համաձայնագիր, որը 100 տոկոսով արդարացրել էր իրեն, եւ ամբողջ աշխարհը կողմ էր դրան: Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունն էլ 100 տոկոսով հաստատել էր այն, եւ միանգամից հայտարարում են, որ ցանկանում են դուրս գալ դրանից եւ առավելագույն ճնշում բանեցնել (Իրանի դեմ-ԽՄԲ.)»,- նշել է ԱԷՄԳ նախկին ղեկավարը՝ հավելելով. «Ես կարծում եմ, որ նրանք փորձում են Իրանի մոտ ջրասույզ լինելու տպավորություն ստեղծել, իսկ հետո նրան առանց նախապայմանների բանակցության առաջարկ ներկայացնել: Աշխարհում ո՞ր երկիրը կգտնենեք, որ նման ստորացուցիչ պայմաններում համաձայնի բանակցել»:
Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, թե ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրում են Պարսից ծոցում առեւտրային նավերին սպառնալու մեջ՝ ալ Բարադեին նշել է, որ եթե Իրանը նման կերպ է վարվում, ապա դա սխալ է: Նա, սակայն, ընդգծել է. «Այդուհանդերձ, պետք է նկատի ունենանք, որ դա սիմվոլիկ հակազդեցություն է մի երկրի կողմից, որն ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների ֆոնին չի կարողանում անգամ դեղորայք ներմուծել: Իմ կարծիքով՝ սա օգնության կանչ է: Նրանք հայտնվել են խիստ ճնշման ներքո: Մարդիկ զրկված են սննդամթերքից եւ դեղորայքից»:
Բարձրաստիճան նախկին դիվանագետը նշել է, որ իրավիճակից դուրս գալու միակ ելքը բանակցություններն են, իսկ Իրանի տարածաշրջանային գործողություններն ու հրթիռային ծրագիրը որեւէ առնչություն չունեն Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ:
«Խնդիրն այն է, թե ինչ եք ցանկանում: Եթե ցանկանում եք, որ Իրանը միջուկային զենք չարտադրի, ապա միակ ելքը Միջուկային համապարփակ համաձայնագիրն է, որն անթերի է, եւ առնվազն երաշխավորում է, որ Իրանն առաջիկա 10 տարում միջուկային զենք չի արտադրի: Սակայն ներկա քաղաքականությունը (խոսքն ԱՄՆ քաղաքականության մասին է-ԽՄԲ.) նման է բյուրեղապակու խանութում հայտնված մի կովի, որն ամբողջովին ջարդում եւ փշրում է ամեն ինչ: Իսկ հետո անհնար է խոսել բանակցությունների մասին: Չի ստացվի, դա փակուղի է»,- եզրակացրել է ալ Բարադեին: