կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-02 15:10
Իրավական

ԲԴԽ հայեցակարգային դրույթները`պարզեցված վարույթի հիմքում

ԲԴԽ հայեցակարգային դրույթները`պարզեցված վարույթի հիմքում

Ազգային ժողովի 01.07.2019 թ.-ի նիստում 102 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» նախագիծը, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ պարզեցված վարույթներին նվիրված 41-րդ գլուխը, հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ընդունված օրենքի կիրառմամբ ակնկալվում է էականորեն նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել պարզեցված վարույթի արդյունավետությունը և կանխատեսելիությունը:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններն ամբողջությամբ հիմնված են դատարանների ծանրաբեռնվածության բազմագործոն վերլուծության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռք բերված տվյալների, ինչպես նաև Խորհրդի կողմից մշակված Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգի վրա, որոնք ամփոփված են Խորհրդի 2018 թ. տարեկան հաղորդման շրջանակներում:

Կատարված փոփոխությունները հիմնականում հանգում են հետևյալին.

  • հստակեցվել են 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջները պարզեցված վարույթի կարգով քննելու թույլատրելիության պայմանները.
  • ընդլայնվել է այլ կատեգորիայի գործերով պարզեցված վարույթ կիրառելու հնարավորությունը. ըստ նոր կարգավորումների՝ գործի քննության պարզեցված կարգ կարող է կիրառվել նաև այն դեպքերում, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի առարկայի փոփոխության արդյունքում պահանջի չափը նվազում է մինչև 2 մլն դրամ.
  • նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ լուծելու հնարավորություն. ըստ այդմ էապես կրճատվել է այն գործողությունների շրջանակը, որոնք պետք է կատարի գործը վարույթ ընդունած դատավորը (ներառյալ տարատեսակ ժամկետների հաշվարկը, միջանկյալ հավելյալ ակտի ընդունումը և այլն).
  • սահմանվել է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների, կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ.
  • սահմանվել է պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու և հրապարակելու իրատեսական ժամկետ (առավելագույնը 4 ամիս պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո)՝ դատարանի համար առավել դյուրին դարձնելով դրա հաշվարկը.
  • նախատեսվել է պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում դատական նիստ հրավիրելու հնարավորություն կողմերի տնօրինչական գործողությունները (հայցից հրաժարում, հաշտության համաձայնություն, հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն) քննարկելու, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ գործին մասնակցող անձանցից պարզաբանումներ ստանալու նպատակով.
  • հնարավորինս նվազեցվել են պարզեցված վարույթի կարգով կայացվող վճռի պատճառաբանական մասին ներկայացվող պահանջները:

Հետայսու պարզեցված վարույթի կարգով քննվող գործերով կայացվող վճիռները պատճառաբանելիս ծավալուն, նյութատար և ժամանակատար աշխատանք կատարելու փոխարեն դատարանը վճռի պատճառաբանական մասում կարող է նշում կատարել առ այն, որ հայցի փաստական և իրավական հիմքերը (հայցվորի փաստարկները) բավարար է համարում հայցն ամբողջությամբ բավարարելու համար: Նշված կարգավորումը կիրառելի չի լինի այն դեպքերում, երբ գործի քննության ընթացքում հայցը պատասխանողի կողմից վիճարկվել է, հայցը մերժվել է լրիվ կամ մասնակիորեն: Միևնույն ժամանակ վերջին դեպքերի համար նախատեսվել է օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-2 մասերով և 192-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների համեմատ վճիռը պատճառաբանելու «թեթևացված ստանդարտ», ըստ որի՝ վճռի պատճառաբանական մասում բավարար է ցույց տալ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, օրենքների և այլ իրավական ակտերի այն դրույթները (առանց դրանք վերարտադրելու), որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառելի է այն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված գործերի նկատմամբ: