կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-29 16:04
Քաղաքական

«Հայ-ռուսական հարաբերություններում մի շարք հանգամանքներ շփոթեցնում են»․ Զատուլին. «168 Ժամ»

«Հայ-ռուսական հարաբերություններում մի շարք հանգամանքներ շփոթեցնում են»․ Զատուլին. «168 Ժամ»

«168 Ժամը» գրավոր տարբերակով մի քանի հարց է ուղղել ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի 1-ին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար  Կոնստանտին Զատուլինին հայ-ռուսական  հարաբերությունների և Քոչարյանի գործի, դեսպանի վերջին հանդիպումների շուրջ, թեև վերջին թեմայի վերաբերյալ Զատուլինը  որևէ կարծիք չի հայտնել։

– Պարոն Զատուլին, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները հայաստանյան թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց։ Ըստ Ձեզ՝ արդեն կա՞ կառուցողական համագործակցություն Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև։

– Հայ-ռուսական հարաբերությունները ես կգնահատեի՝ որպես նորմալ, կանոնավոր բնույթ ունեցող, հետևաբար՝ գործընկերային։ Սակայն շփոթեցնում են մի շարք հանգամանքներ։  Նիկոլ Փաշինյանի թիմի անբավարար կոմպետենտությունը և քաղաքական կողմնակալությունը, որն արտահայտվեց մասնավորապես ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին ետ կանչելու հարցով, ինչը նախադեպ  ստեղծեց և վնաս հասցրեց Ռուսաստանի ու Հայաստանի համար կարևոր այդ ռազմաքաղաքական միության հեղինակությանն ու կոնկրետ գործունեության ծրագրերին, կատաղի արշավները  «Գազպրոմի» հայկական մասնաճյուղի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և այլոց դեմ, ինչը նյարդայնացնում է Հայաստանի տնտեսությունում ռուս ներդրողներին, համառորեն հաշիվների մաքրումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Հայաստանում նոր քաղաքական անկայունության վտանգ են ստեղծում Կովկասում մեր միակ լիարժեք քաղաքական գործընկեր երկրում։

Հանուն արդարության՝ հարկ է նշել, որ անձնապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք չէ մեղադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններ կառուցելու ցանկության բացակայության մեջ՝ նրանք հաճախ են զանգում միմյանց և հանդիպում։ Բայց այնպիսի տպավորություն է, որ   վերը նշված հանգամանքների պատճառով ամբողջական փոխըմբռնման և վստահության մասին հնարավոր չէ խոսել։  Իսկ դա արտահայտվում է, իհարկե, տարբեր կերպ՝ հայ-ռուսական հարաբերությունների ողջ ճարտարապետության սեյսմակայունության վրա։

– Վերաքննիչ դատարանի որոշմամբ,  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  կրկին կալանավորվեց։ Սա արդեն երրորդ կալանավորումն է։ Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի գործի շուրջ զարգացումները, եթե հետևում եք դրանց։

– Այսպես կոչված՝ «Քոչարյանի գործը» համարում եմ ամոթալի Հայաստանի համար։ Ֆրանսիական ասույթ կա՝ «Կարելի է դիպչել միայն արքայազնների գլխին»։ Դա նշանակում է, որ թագավորական արյուն ունեցող  անձին կարելի է մահապատժի ենթարկել, բայց ստորացնել և վիրավորել՝ ոչ մի դեպքում։ Ինչ փոփոխություններ էլ որ այս կանոնում  մտցնի ժողովրդավարությունը, նախկին նախագահները ցանկացած երկրի պատմության մի մասն են։ Եվ ՀՀ և ԼՂ նախկին նախագահի հետապնդումը 10-ամյա վաղեմություն ունեցող գործով ժողովրդի պատմությանը վնաս է, հետևաբար՝ վնաս է նաև ժողովրդին։ Առավել ևս, որ աչքի առաջ խախտվում են բոլոր սահմանադրական և իրավական նորմերը, որոնք թույլ չեն տալիս Քոչարյանին հետապնդել։

Նիկոլ Փաշինյանը, որին մենք Ռուսաստանում ապրիորի կցանկանայինք աջակցել՝ որպես գործընկեր, իսկ իր ձեռքերով փչացնում է իր մասին, որպես հավասարակշռված, պատասխանատու և անաչառ քաղաքական գործչի՝ տպավորությունը։ Ըստ էության, նա տառացիորեն ներքաշեց Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտ։ ՀՀ վարչապետը ցուցադրաբար արհամարհում է Քոչարյանի զինակից արցախցի ընկերների կարծիքը։ Դա անվտանգ չէ և Հայաստանի, և Արցախի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում