Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 24-ին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն Իսպանիայի Սենատում հանդիպում ունեցավ Սենատի նախագահ Մանուել Կրուս Ռոդրիգեսի (Manuel Cruz Rodríguez) հետ:
Հանդիպման սկզբում դեսպան Կարմիրշալյանը Մանուել Ռոդրիգեսին փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորանքներն ու Հայաստան այցելելու հրավերը՝ ընդգծելով, որ բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների խորհրդարանների միջև կարող են նոր շունչ հաղորդել երկկողմ հարաբերություններին:
Մանուել Ռոդրիգեսն իր հերթին շնորհավորեց դեսպան Կարմիրշալյանին Իսպանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրեց, որ Իսպանիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Վլադիմիր Կարմիրշալյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի խորհրդարանում արդեն ձևավորվել է Իսպանիայի հետ բարեկամության խումբը և հայ խորհրդարանականների մոտ առկա է մեծ ցանկության իսպանացի գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու համար:
Իսպանիայի Սենատի նախագահը հետաքրքրվեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով: Դեսպան Կարմիրշալյանը նշեց, որ ընդամենը վերջերս Վաշինգտոնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և չնայած Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը՝ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու բանակցությունները խնդրի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար: Անդրադառնալով Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններին՝ Վլադիմիր Կարմիրշալյանը նշեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը շարունակում է լինել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, սակայն հայկական կողմը երբեք դա որպես նախապայման չի ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: