կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 13:01
Հասարակություն

Մեր քայլերը լինելու են նրանց քայլերի արձագանքը. «Ահազանգ»-ը շարունակում է ահազանգել

Մեր քայլերը լինելու են նրանց քայլերի արձագանքը. «Ահազանգ»-ը շարունակում է  ահազանգել

ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ անդրադարձան երկու օր տևած նստացույցին: Նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը խոսքի սկզբում նախ անդրադարձավ նախաձեռնությանը` նշելով, որ այն ստեղծվել է Հարկային օրենսգրքի եկամտային հարկի համահարթ սկզբունքի դեմ:

«Ուսումնասիրել են մի շարք երկրների մոդելներ ու եկել համոզման, որ սա կարող է բերել հասարակության բևեռացվածության, եկամուտների ոչ արդար բաշխման։ Ունեցել ենք մի քանի ակցիաներ, նամակներ ենք փոխանցել պատգամավորներին, հանդիպումներ ունեցել ԱԺ ֆրակցիաների հետ։ Վերջին ակցիան երկօրյա նստացույցն էր, ու հիմա սպասում ենք Ազգային ժողովում օրենսդրական փաթեթի քննարկումներին` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում»,- ասաց նա։

«Ահազանգ» նախաձեռնության անդամներից Քրիստինե Վարդանյանն էլ ասաց, որ իրենց միակ պահանջը պրոգրեսիվ արդար համակարգ ունենալն է, իսկ համահարթ սկզբունքն ուղիղ հակասում է այդ դրույթին, ինչի համար էլ պայքարում են:

«Սա էլեկտրաէներգիայի թանկացում չէ, որ քաղաքացին միանգամից ընկալի` ինչի մասին է խոսքը: Պետք է բացատրենք, որոշակի պատկերացում տանք նրանց: Առաջին ընթերցմամբ անցավ օրինագիծը, երկրորդ ընթերցումն էլ առաջիկա օրերին կլինի, բայց հույս ունենք, որ պատգամավորները քաջ կգիտակցեն` ինչին են կողմ քվեարկում»,- նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ «Ահազանգ»  նախաձեռնության անդամներին երեկ մոտեցած վարչապետի հետ զրույց էր ունեցել հենց Քրիստինեն:  

«Ներկայացված նախագիծը դժվար է որպես հարկային բարեփոխում ներկայացնել, դա ունի կասկածելի սկիզբ ու կասկածելի հետևանքներ»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Ըստ նրա` իրենց կատարած հաշվարկներով` նախագիծը միանշանակ երկար կյանք չի ունենալու, ու վերադարձը պրոգրեսիվ հարկմանն անխուսափելի է լինելու:

«Այս փոփոխությունը դրականորեն չի ազդում մինչև 150 000 դրամ աշխատավարձով աշխատողների վրա, որոնք աշխատողների 71 տոկոսն են (435 000 աշխատողներ), չի ազդում նաև աշխատողների 25 տոկոսը (142 000 մարդ) կազմող աղքատների վրա: Բացի այդ` բյուջեի հարկային մուտքերը նվազելու են 45 մլրդ դրամով, որը փոխհատուցվելու է անուղղակի հարկերի ավելացմամբ և գների բարձրացմամբ: Գործող իշխանության  նախընտրական ծրագրում կարմիր թելի նման անցնում էր դրույթը, որ պետք է խթանվի արժանապատիվ աշխատանքը, որ մարդիկ դուրս գան աղքատությունից ու բարեկեցիկ պայմաններում ապրեն: Բայց այժմ, աշխատող աղքատներին համահարթ սկզբունքով հարկելով, որևէ բարելավում չենք իրականացնում»,- ներկայացրեց Ավետիսյանը:

«Ի՞նչ է լինելու, եթե ընդունվի օրենքը»,- նախաձեռնության անդամներին հարց ուղղեցին լրագրողները: Ի պատասխան Քրիստինե Վարդանյանը նշեց, որ մինչև վերջ փորձելու են պայքարել բոլոր միջոցներով ու ամեն ինչ անելու են, որ կոնկրետ այդ դրույթը չընդունվի:  «Կոնկրետ քայլերը կախված են լինելու նրանից, թե մյուս կողմն ինչ է անելու, ինչպես է արձագանքելու: Մեր քայլերը լինելու են նրանց քայլերի արձագանքը»,- ամփոփեց նա: