Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկվա համաժողովից անմիջապես հետո «Ժառանգություն» կուսակցության վարչությունը նիստ է հրավիրել եւ գնահատական է տվել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ինչպես նաեւ որոշել է իր հետագա անելիքները. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին կուսակցության անդամներ Ռուբեն Հակոբյանը եւ Ստյոպա Սաֆարյանը:
«Վարչությունն ամբողջությամբ աջակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլին: Սա իսկապես պետք է տագնապի կոչ լինի հասարակությանը` պետությունն այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ահազանգ է Հայաստանի պետականության գահավիժումը կասեցնելու մասին, եւ այն ուղղված է թե' իշխանություններին, թե' ամբողջ հասարակությանը, թե' ընդդիմությանը»,- նշեց Ռ. Հակոբյանը:
«Ժառանգությունը» համարում է, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն պետության մեջ ստեղծված իրավիճակին, իսկ փետրվարի 17-ին վերաստորագրված կոալիցիոն հուշագրով նրանք շարունակելու են եւս յոթ տարի «բարեփոխումներ» անել այս երկրում:
«Բարեփոխումների» շարունակությունը նշանակում է ավելի խորացնել կոռուպցիան, որը պետության ողնաշարը վերածում է ցանցաթաղանթի, նշանակում է ավելի արագացնել արտագաղթը, որն ուղղակիորեն սպառնում է պետության անվտանգությանը»,- նշեց Ռ. Հակոբյանը:
Այս դեպքում միակ ելքը արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխությունն է: Եվ հենց ներկայիս իշխանությունն էլ պետք է նախաձեռնի այդ արտահերթ ընտրությունները: Իսկ գլխավոր պայմանն այն է, որ դրանք պետք է լինեն ազատ եւ արդար, այլապես նորից իշխանությունների վերարտադրություն կլինի եւ կշարունակվի այն, ինչի հիմքերը դրվել են 1995 թվականին:
Բացի այդ` ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ թողնեն իրենց ամբիցիաները եւ համախմբվեն` հանուն ժողովրդի շահերի պաշտպանության: