Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 6-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե - Հայաստան ձևաչափով նիստը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի և պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ:
Նիստին քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2019թ. գնահատման զեկույցը, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նիստի ընթացքում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է հետամուտ լինել իր կողմից ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունների բարեխիղճ իրականացմանը:
Ի թիվս այլ հարցերի, ուրվագծվել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերն, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը: Փոխնախարար Բալայանը ներկայացրել է պաշտպանության և անվտանգության բնագավառներում իրականացվող բարեփոխումները:
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները բարձր են գնահատելՀայաստանի գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ և շնորհակալություն հայտնել Աֆղանստանում Հաստատակամ աջակցություն և Կոսովոյի ուժեր առաքելություններին Հայաստանի շարունակական կարևոր ներդնման համար:
Բանախոսներն իրենց աջակցությունն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին՝ ընդգծելով խնդրի խաղաղ և բանակցված կարգավորման կարևորությունը:
ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության փոխնախարարները պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների կողմից հնչեցված մի շարք հարցերին՝ առանձնանշելով, որ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները մնում են անփոփոխ և հայկական կողմը կարևորում է ԱԳԳԾ շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության հետագա զարգացումը։
Այցի շրջանակներում, հունիսի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին ընդունել է Քաղաքական և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ալեխանդրո Ալվարգոնսալեսը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։