Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով` 2016-ի ապրիլյան իրադարձությունների խորհրդարանական քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ընդդիմախոսների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար։
«Այն բացարձակ փաստահավաք չէ, այլ ստեղծվել է որպես քաղաքական ճնշման գործիք: Պարզ չէ՞, թե այն ինչ հարցերի պատասխան պիտի տա: Եթե խոսքն այն մասին է, թե ով է պատերազմը սկսել, նման հարց գոյություն չունի, քանի որ գիտենք, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը: Եթե խոսքը վերաբերում է նրան, թե մենք կարո՞ղ էինք ավելի լավ կռվել և վեր հանել փաստեր, թե հետագայում բանակն ինչպես պիտի դիմագրավի ադրբեջանական հարձակումը, կարծում եմ, դրա համար մասնագիտական հանձնաժողով է պետք, ոչ թե խորհրդարանական: Ինչպես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր՝ այդ մարդիկ անգամ չեն ծառայել, ինչպե՞ս կարող են գնահատել զինվորականների գործողությունները, հասկանալ բանակային խնդիրների մանրամասները: Հարազատներին հրավիրելու մասին հայտարարությունները, առհասարակ, հասկանալի չեն, թե դա ինչ կարող է տալ: Ավելի շուտ դա պատրվակ է դժգոհություն ու ճնշում արտահայտելու հարթակի ստեղծման համար, որը հետագայում կօգտագործվի բանակային և Արցախի իշխանությունների վրա ճնշումների համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ենոքյանն՝ ավելացնելով, որ Փաշինյանն օգտագործում է բոլոր մեթոդները Արցախի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար, և սա այդ գործիքներից մեկն է:
Ըստ փորձագետի՝ սա սպառնում է Արցախի անվտանգությանը և խնդիրներ կառաջացնի, մինչդեռ պետք է շնորհակալ լինել սահմանի անվտանգությունն ապահովող սպային նրա ծառայության համար: «Պետք է փորձել այդ մարդկանց զորակցել թե' ֆինանսապես, թե' բարոյապես, իսկ մենք հակառակն ենք անում»,- շեշտեց նա:
Yerkir.am-ի հարցին՝ իշխանությունները կաշկանդված չե՞ն լինելու 2016-ի ապրիլյան իրադարձությունների հետաքննման հարցում, երբ այդ ժամանակ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Արշակ Կարապետյանին վարչապետն իրեն խորհրդական դարձրեց, որին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել էր, կամ այդ ժամանակ Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը ՀՀ ԱԱԽ քարտուղարի քեռին է, Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Առաջին գեներալը, որին Սերժ Սարգսյանն ազատեց՝ որպես պատերազմի ժամանակ մեծ սխալներ թույլ տվածի, ձեր նշած այդ հետախուզության պետն է: Նիկոլ Փաշինյանը նրան բարձրացնում է նորից և բերում, իրեն խորհրդական դարձնում: Իհարկե, հանձնաժողովի անդամները լինելու են կաշկանդված: Սա ցույց է տալիս, որ նրանք որոշակի քաղաքական ուղղության մեջ են: Կրկնում եմ՝ սա լինելու է մշտական դագանակ ՀՀ բանակային ղեկավարության և Արցախի ղեկավարության դեմ: Նույնիսկ ասում են, որ Սերժ Սարգսյանին են կանչելու, որ ցուցմունքներ տա: Ես կարդացի, որ ապրիլյան պատերազմի խնդիրների մասին Սեյրան Օհանյանը վերլուծություններ է արել, որը գաղտնի թղթապանակով ՊՆ-ում է պահվում: Սա նորմալ է, քանի որ վերլուծությունը պիտի մասնագիտական լինի, ոչ թե ժողովրդավարական: Երկրորդ՝ դա պիտի լինի գաղտնի, քանի որ գաղտնիության խնդիրներ կան, և, այո, չպետք է լինի ժողովրդավարական: Ժողովրդի անունից անընդհատ ժողովրդավարություններ անելը միայն վնասելու է գործին»: