Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը մայիսի 31-ին հանդիսավորությամբ նշեց սփյուռքահայ գիտնական, գրող, հասարակական գործիչ Հրանտ Մարգարյանի ծննդյան 80 եւ ստեղծագործական կյանքի 65-ամյա հոբելյանները:
Հրանտ Մարգարյան գրողի, համազգայնականի, հասարակական գործչի մասին խոսեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հասարակական գործիչ Հանուշ Հակոբյանը, Երևանի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:
Գրողին անակնկալ մատուցեցին Աշտարակի Մուղնի գյուղի դպրոցի աշակերտները՝ ներկայացնելով նրա բանաստեղծությունները: Իսկ հոբելյարը հանդես եկավ «Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացումից հատվածով: Հոբելյանական երեկոյի ընթացքում ցուցադրվեց գրողի կյանքին ու ստեղծագործունեությանը նվիրված ֆիլմ:
Երեկոն եզրափակվեց Հրանտ Մարգարյանի բանաստեղծություններից մեկի բառերով գրված երգով:
Yerkir.am-ի հետ զրուցում թատերագիրը հուզմունքով նշեց. «80-ամյակը հայրենիքում նշելը երջանկություն է: Ծնվել եմ Իրաքում, ապրել՝ ԱՄՆ-ում, բայց ամեն տարի գալիս եմ Մայր Հայաստան: Հիմա ավելի լիարժեք եմ զգում երջանկությունը՝ կատարվել է կյանքիս ամենաբաղձալի երազանքը` երկու շաբաթ առաջ դարձա ՀՀ քաղաքացի: Գրելն ինձ համար բնածին պահանջ է: Հեղինակել եմ 10-ից ավելի գրքեր և 52 բեմադրություն»:
Ստորև ներկայացնում ենք Համազգային հայ կրթական և մշակութային միության Կ. վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի խոսքը:
«Հրանդ Մարգարեան՝ 80 տարեկան
Կը նշենք մեր ընկերոջ՝ Հրանդ Մարգարեանի 80ամեակը, ինչպէս նաեւ՝ իր մշակութային գործունէութեան 65ամեակը: Ողջունելով իր յոբելեանը Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը կը շնորհաւորէ զինք այս առիթով եւ իրեն կը մաղթէ առողջութիւն, որպէսզի ան կարենայ նոյն խանդավառութեամբ շարունակել իր ծրագրած աշխատանքները:
Անձնապէս զինք ճանչցած եմ շուրջ քառորդ դար առաջ: Այսօր ես ֆիզիքապէս կը նմանիմ իրեն, իսկ ինք մնացած է այն՝ ինչ որ էր ատենին: Վստահ եմ՝ այդպէս ալ կը մնայ: Վերջերս միայն սկսած է իր տարիքը որոշ չափով մատնող պատուաբեր գավազան մը գործածել. ատիկա ալ կու գայ Խրիմեան Հայրիկի տիպարը երկրագունդի մակերեսին վրայ գտնուող տեսանելի եւ աներեւոյթ հայկական համայնքներուն ներկայացնելու հաճելի ինքնապարտադրանքէն:
Այս ձեռնարկի իրողական կազմակերպիչներուն կողմէ պատրաստուած՝ մեզի շատ սիրելի յոբելեարի հասարակական գործունէութեան մասին տեսաժապաւէնըարդէն դիտեցինք. խօսքս հետեւաբար պէտք է սահմանափակուի ողջոյնի արտայայտութեան մը մէջ: Պիտի հպատակիմ անշուշտ կազմակերպիչներու համապատասխան հրահանգին, բայց ինչպէ՞ս չըսեմ, օրինակի համար, թէ ան Միացեալ Նահանգներու արեւելեան շրջանի Համազգայինի սիւներէն եղած է տասնամեակներ շարունակ եւ մինչեւ այսօր կը շարունակէ իր այդ դերակատարութիւնը. թէ 90ական թուականներուն շարունակաբար երկու շրջան Համազգայինի կեդրոնական վարչութեան անդամակցած է. թէ առիթը ստեղծուելուն պէս հայրենիք առաջին վազողներէն եղած է. թէ մանաւանդ՝ Հրանդ Մարգարեանը տարիներ շարունակ հանդիսացած է Համազգայինի կողմէ «Ֆորում» կոչուող ուսանողական տարեկան հաւաքին ղեկավար շարժակը՝ իր կեանք տուող ու խանդավառութիւն սերմանող ղեկավարութեամբ:
Սակայն՝ մեղքս չպահեմ: Հրանդ Մարգարեանի ինքնուրոյնութիւնը ցայտուն կերպով կը յատկանշուի հայրենակցական իր պատկանելիութեամբ՝ Վանի իր վրայ ունեցած հրապուրիչ ազդեցութեամբ. կարճ ու ամփոփ ըսուած՝ իր տեսակէտները վանեցիական բոյրով յամառօրէն պաշտպանելու եւ այդ ձեւով անկարելին կարելի դարձնելու իր անժամանցելի ունակութեամբ: Այդպիսի կարողութիւն իսկապէս հրաշք կը գործէ. աստուածայի՛ն հրաշք, որուն ականատես ենք ահա այսօր, ճիշդ հիմա՛: Կը տեսնենք, որ կառավարական որոշումով գոյութիւն չունեցող Սփիւռքի նախարարութիւնը գէթ առժամաբար յարութիւն առած է ի՛ր անունով կազմակերպելու համար յոբելինական այս հանդիսութիւնը. ահա՛ եւ մեր շնորհակալութեան արտայայտութիւնը անոր:
Ընկեր Հրանդ Մարգարեանին կրկին կը մաղթենք երկար կեանք, որպէսզի յաջորդ յոբելեաններէն մէկուն ա՛լ աւելի մեծ հրաշքներ վայելելու պատեհութիւնը ընծայէ մեզի»: