Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Aravot.am-ը հրապարակել է «Հավատա ում ուզում ես, ինչին ուզում ես, միայն հավատա» վերտառության հոդվածը, որտեղ, մասնավորապես, ասվում է.
«Տարիներ շարունակ ուզում եմ պատմել այս մասին: Վերջապես այսօր որոշեցի գրել…
Շուրջ 60 տարվա վաղեմության մի դեպք եմ պատմելու: Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող էի (1957 -1962թթ.): Ինստիտուտը կոչվում էր Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ:
Նախ՝ մինչեւ հիմա էլ չեմ հասկանում, թե Կարլ Մարքսն ի՞նչ կապ ուներ Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի հետ: Կամ, օրինակ, Երեւանի պետական համալսարանն ինչո՞ւ էր կոչվում Մոլոտովի անվամբ, հաստոցաշինական գործարանը՝ Ձերժինսկու անվամբ: Այն Ձերժինսկու, ով բոլշեւիկների առաջին «օրենքով գողերից» մեկն էր՝ Ստալինից հետո… Զավեշտների շարան: Լավ, «օրենքով» գողերից անցնենք, թեպետ, երեւի թե, «օրենքով» գողերն ավելի լավն են ու շատ ավելի քիչ, քան անօրենք գողերը…
Վերադառնամ իմ ուսանողական տարիներին: Ես սովորում էի Շինարարական ֆակուլտետի հաղորդակցության ճանապարհներ, կամուրջներ եւ թունելներ բաժնում, այսինքն, մասնագիտությամբ ես շինարար ինժեներ եմ համարվում: Աթեիզմ առարկայի մեր դասախոսը ընկեր Արա Սվասյանն էր (այն ժամանակ սովետական դասախոսին չէր կարելի պարոն կոչել): Նրա դասախոսությունները տեղի էին ունենում մեծ, ընդարձակ լսարաններում կամ Պոլիտեխնիկի դահլիճում, ուր միաժամանակ մի քանի բաժինների ուսանողներ էին հաճախում: Արա Սվասյանի դասախոսությունները միշտ շատ հետաքրքիր էին անցնում եւ դրանք ունկնդրելու համար գալիս էին նույնիսկ Երեւանի այլ բուհերի ուսանողներ (համալսարանից, բժշկականից, կոնսերվատորիայից, գյուղինստիտուտից եւ այլն): Ինձ շատ է տպավորել ու անջինջ հետք թողել Արա Սվասյանի մի դասախոսությունը ՀԱՎԱՏԻ մասին: Բնականաբար, չեմ կարող 55-57 տարվա հեռվից (տասնյակ տարիների) հիշել Սվասյանի այդ դասախոսության մանրամասները, եւ դա այս պատմության համար կարեւոր էլ չէ: Ես կփորձեմ Սվասյանի պատմածը համառոտ ներկայացնել՝ պահպանելով նրա պատմելաոճը:
Ահավասիկ. -Տարիներ առաջ, 1920թ. վերջերին, երբ Հայաստանում սովետական կարգեր հաստատվեցին, ինչ-որ մի հարցի կապակցությամբ ես հայտնվեցի բանտում: Բայց դա սխալմունք էր՝ ես մեղավոր չէի, եւ համոզված էի, որ շուտով, գուցե եւ ժամեր անց, ինձ կազատեն բանտից: Բանտ կոչվածը անասնագոմի պես մի տեղ էր, լեփ-լեցուն բազմաթիվ բանտարկյալներով: Ուշադրությունս գրավեց մի քանի մետր հեռվում նստած հաղթանդամ, միրուքավոր մի տղամարդ, ով գիրք էր կարդում, ավելի ճիշտ՝ թերթում: Դա ինձ զարմացրեց: Նախ. որ բանտում տրամադրություն ունի գիրք կարդալու, եւ ապա՝ նրա արտաքինից համոզված էի, որ հավանաբար գրաճանաչ էլ չէ: Մի «հնաբնակ» բանտարկյալից հետաքրքրվեցի, թե ո՞վ է այդ մարդը: «Հնաբնակը» պատմեց, որ այդ մարդը դաշնակցական է, կռվող խմբապետներից է: Բոլշեւիկները, Հայաստանում իշխանության գալուց հետո, հայտարարել էին, որ նրանք, ովքեր կռվել են բոլշեւիկների դեմ, եթե իրենց զենքերով գան ու հանձնվեն բոլշեւիկներին, ապա նրանց կներեն եւ չեն բանտարկի: Եվ ահա այդ դաշնակցականը չէր ուզեցել հեռանալ-փախչել Հայրենիքից եւ, հավատալով բոլշեւիկների խոստմանը, եկել հանձնվել էր: Բայց նրան անմիջապես նետել էին բանտ ու դատապարտել մահվան եւ հաջորդ օրը գնդակահարելու են: Ինձ ավելի շատ հետաքրքրեց, թե հոգեբանական այդպիսի ահավոր վիճակում գտնված այդ մարդը, երբ գիտեր, որ վաղն իրեն գնդակահարելու են, ի՞նչ էր կարդում: Ես մոտեցա նրան, բարեւեցի եւ հարցրեցի, թե ի՞նչ գիրք է կարդում: Նա պատասխանեց, որ դա իրենց տոհմական Սուրբ Գիրքն է, որ սերնդեսերունդ հասել է իրեն: Եվ ավելացրեց, որ ինքն աղոթում է այդ Գրքի վրա, եւ որ այդ Գիրքն իրեն փրկելու է, եւ ինքը դուրս է գալու բանտից անվնաս: Ես նրան խնդրեցի՝ դիտել այդ գիրքը: Նա մեկնեց ինձ գիրքը: Դիտեցի… Պարզվեց, որ դա ոչ թե Սուրբ Գիրք էր, այլ ավելի քան 200 տարի առաջ եվրոպական մի երկրում տպագրված մարմնամարզությանը վերաբերող գիրք էր: Մտատանջվեցի՝ ասե՞լ նրան, որ դա Սուրբ Գիրք չէ: Բայց դա նշանակում էր կոտրել, ոչնչացնել նրա վերջին հույսը: Դա իմ կողմից անբարոյական քայլ կլիներ: Ես նրան ասացի՝ «Այո, Սուրբ Գիրք է»: Նա ասաց. «Իհարկե՝ Սուրբ Գիրք է, եւ այս Սուրբ Գիրքը փրկելու է իմ կյանքը…»: Մի երկու ժամ անց ինձ ազատեցին բանտից, ու ես այդպես էլ չիմացա, թե հետագայում ինչ պատահեց նրա հետ: Անցան տարիներ: Հայրենական մեծ պատերազմին ես մասնակցում էի որպես զինվորական ատաշե: Պատերազմի ավարտից մոտ մեկ տարի առաջ Սովետական զորքերը մտան Իրան: Թավրիզում ես ու մի ռուս բարձրաստիճան զինվորական (լավ չեմ հիշում՝ գնդապետ էր, թե գեներալ) մտանք մի ճաշարան, նստեցինք մի սեղանի շուրջ, ուտելիք պատվիրեցինք: Մի կես րոպե անց ինչ-որ մեկը ետեւի կողմից ինձ իմ աթոռով պոկեց հատակից եւ տարավ նստեցրեց մեկ այլ սեղանի շուրջ, ինքն էլ նստեց իմ դիմաց, նայեց աչքերիս ու հարցրեց՝ «Ինձ չես հիշո՞ւմ…»: Ես պատասխանեցի՝ «Իսկ որտեղի՞ց պիտի հիշեմ…»: Նա ասաց. «Մենք հանդիպել ենք 20 թվին, բանտում… Ես այն դաշնակցական մարդն եմ, որին դատապարտել էին մահվան…»: Ապշեցի՝ «ինչպե՞ս թե, չէ՞ որ քեզ հաջորդ օրը պիտի գնդակահարեին…»: Ասաց՝ «Այո, բայց իմ Սուրբ Գիրքն ինձ փրկեց»: Այդ նույն օրը, ազատության մեջ գտնվող իմ ընկերները գիշերով հարձակվեցին բանտի վրա, սպանեցին բոլոր պահակներին, եւ մենք մեր խմբով փախանք, մտանք Պարսկաստան ու մինչեւ հիմա էլ այստեղ ենք ապրում: Այս ճաշարանն էլ իմ սեփական ճաշարանն է…»: Ես նրան ոչինչ չասացի գրքի մասին: Ավելացնեմ, որ այն ռուս գեներալն անմիջապես զեկուցել էր ուր որ հարկն է, եւ համապատասխան ստուգումներից պարզվել էր, որ այդ մարդը մեծ հայրենասեր է եւ պատերազմի տարիներին մեծ քանակությամբ հացահատիկ եւ այլ օգնություններ է նվիրել Հայաստանին…
Այս ամենը պատմելուց հետո, Արա Սվասյանը դիմեց ուսանողներին. «Մարդը պետք է ՀԱՎԱՏ ունենա, ՀԱՎԱՏ… Ո՛ւմ ուզում եք, ինչի՛ն ուզում եք հավատացեք, թեկուզ ծառին, աթոռին, սեղանին…, միայն թե ՀԱՎԱՏ ունեցեք»:
…Հարգելի ընթերցողներ, ահա այս ամենն անձամբ ինձ վրա մեծ ազդեցություն է գործել: Իմ համոզմամբ, ոչ ոք, հենց թեկուզ միայն բարոյական առումով, իրավունք չունի արհամարհելու, ծաղրելու որեւէ մեկի հավատը, թե նա ում եւ ինչին է հավատում»։
Սասուն ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ