կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-08 16:24
Քաղաքական

Ես հարգանքով եմ վերաբերվում Դաշնակցությանը. Փաշինյան

Ես հարգանքով եմ վերաբերվում Դաշնակցությանը. Փաշինյան

Իր հաշվետու ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Հայաստանում ընդդիմությունը միավորվում է և շուտով մարտահրավեր է նետելու Հայաստանի նոր իշխանություններին, արձագանքեց. «Ռոբերտ Քոչարյանն ում ուզում է միանալ, թող միանա: Հայաստանում մարդիկ կան, որոնք չեն հասկացել, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում. Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ուրիշ մարդիկ․․․ Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ-ում այլևս երբեք իշխանություն չի լինի։ Չի լինելու նաև ընդդիմություն`  90 և ավելի տոկոս հավանականությամբ։  Հանրապետական կուսակցությունը կասեցված է, նույնիսկ փակված է ժողովրդի կողմից»:

Լրագրողի հարցին` երեկ Արցախում ՀՅԴ-ի նախաձեռնությամբ անցկացված «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումի և Քոչարյանի հայտարարության միջև կապ տեսնո՞ւմ է, Փաշինյանն արձագանքեց. «Դաշնակցությունը, Դաշնակցությունը, Դաշնակցությունը … Դաշնակցությունն  ավանդական կուսակցություն է։ Ես հարգանքով եմ վերաբերվում Դաշնակցությանը»։

Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ իշխանությունն անցել է ժողովրդին, և հարց ուղղեց՝ Քոչարյանն ո՞ւմ դեմ է պայքարելու, ժողովրդի՞: «Ես չգիտեմ՝ իշխանության համար ով է պայքարելու: Ես իմ իշխանությունը պահպանելու համար չեմ պայքարելու։ Ժողովուրդը որոշել է, որ ես վարչապետ եմ՝ վարչապետ եմ: Կորոշի, որ ես վարչապետ չեմ, ես վարչապետ չեմ լինի։ Ես զարմանում եմ, չնայած ինչո՞ւ եմ զարմանում, ասում է՝ պիտի նայես, պիտի նայես և պիտի չտեսնես, պիտի լսես, պիտի լսես ու պիտի չիմանաս։ Այդ մարդիկ ապրում են իրենց աշխարհում, նրանց թվում է, թե կյանքը դեռևս իրենց զրահապատ մեքենաների սահմաններում է, որոնցով հիմա ես եմ երթևեկում»,- ասաց Փաշինյանը: