Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանի հետ:
– Օրեր առաջ հիշատակեցինք Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Ինչպիսի՞ արդյունքներ ենք գրանցվել վերջին տարիների ընթացքում Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
– Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շուրջ կարծես նոր աշխուժություն է նկատվում, եւ ասեմ, որ այսօր հայամետ մթնոլորտ է տիրում այստեղ:
Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա ասեմ, որ ապրիլի 27-ին Պորտուգալիայի խորհրդարանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությամբ: Ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանը երկրորդ անգամ պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը եւ կոչ արել կառավարությանը՝ հետեւել իր օրինակին: Ֆրանսիայում ապրիլի 24-ը հայտարարվել է ցեղասպանությունների ոգեկոչման օր, իսկ անցյալ տարի Նիդեռլանդների խորհրդարանը ճանաչել եւ իր կառավարությանն է դիմել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ մասնակից դառնալ ապրիլի 24-ին Հայաստանում կազմակերպվող ոգեկոչման արարողություններին:
Եվրոպական այս երկրների վերը նշված որոշումները ողջունելի են եւ կարող են բավական մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հատուցման գործընթացին անցնելու տեսանկյունից:
– Ապրիլի 24-25-ին Բելգիայի խորհրդարանն ընդունել է ցեղասպանությունների ժխտողականության դեմ քրեականացման օրենք, որի մեջ, սակայն, Հայոց ցեղասպանությունը չներառվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը եւ ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել Հայ Դատի գրասենյակը:
– Բելգիայի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը վերաբերում է միայն միջազգային դատարաններով վավերացված ցեղասպանություններին: Չնայած նրան, որ օրենքի նախագիծն առաջարկվել է Եվրամիության կողմից՝ վերը նշված հստակ սահմանափակումով, որը սակայն պարտադիր չէր, մենք հույս ունեինք, որ խորհրդարանական, սենատի եւ կառավարության մակարդակներով Հայոց ցեղասպանությունը ճանաչած Բելգիան հաշվի չի առնի Եվրամիության այդ սահմանափակումը:
Պետք է ասեմ, որ Բելգիայի որոշման վրա ազդել են շուրջ մեկ ամսից տեղի ունենալիք ընտրությունները: Այսօր Բելգիայում ապրում է 300 հազար թուրք եւ միայն 30 հազար հայ: Ընտրությունների նախաշեմին քաղաքական կուսակցությունները չուզեցին վնասել թուրքական մեծ գաղութին եւ կորցնել ձայներ: Սակայն ցավալի է, որ Հայոց ցեղասպանության քրեականացման հարցը, ընտրական հաշվարկների հետ պայմանավորված, դուրս է մնացել:
Մենք այս իրողությունը դիտարկում ենք որպես մարդու իրավունքների, այլատյացության եւ ռասիզմի դրսեւորում եւ ընտրությունների ավարտից հետո պատրաստվում ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի օրենքը վերանայվի: Բոլոր ցեղասպանությունների ժխտողականությունը պետք է քրեականացվի, եւ Բելգիան պետք է պաշտպանի իր երկրում ապրող հայ քաղաքացիների իրավունքները:
– Ի՞նչ առանձահատկություն ունեն թուրքական եւ ադրբեջանական լոբբին եւ ինչպե՞ս է հնարավոր հակադարձել:
– Հակահայկական լոբբիի առանձնահատկությունն այն է, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ճակատ կազմած են աշխատում մեր դեմ՝ ֆինանսավորում ստանալով իրենց պետությունների ղեկավարների կողմից: Ահա այս է մեր եւ իրենց լոբբիի տարբերությունը: Հայոց ցեղասպանությունից հետո Եվրոպայում ձեւավորված հայկական գաղութները ստեղծել են կազմակերպություններ, որոնք այս տարիների ընթացքում կապեր են հաստատել, եւ այսօր մենք շարունակում ենք այդ գործը:
Հայկական լոբբին Եվրոպայում աշխատում է տեղի մարդուժի եւ համայնքային անդամների նվիրվածության եւ աշխատանքի շնորհիվ՝ պաշտպանելով Հայ Դատը, բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման, հատուցման եւ Արցախի անկախության ճանաչման հարցերը, պայքար է տանում Արցախի Հանրապետության մեկուսացման դեմ եւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ:
Այս բոլոր աշխատանքները մենք անում ենք համայնքային ներուժի շնորհիվ: Մենք մեր աշխատանքները կազմակերպում եւ հաջողություն ենք գրանցում առանց միլիոնավոր դոլարների, առանց ազդեցության եւ ճնշումների:
– ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքներն ի՞նչ թիրախավորումներ են ունենալու առաջիկայում:
– Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը կմնա առաջնային Հայ Դատի գրասենյակի համար, որովհետեւ կան դեռեւս Եվրոպական երկրներ, որոնք չեն ճանաչել մեր ցեղասպանությունը: Առաջիկա ամիսներին մենք աշխատելու ենք հատկապես Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի վրա, որպեսզի մի քանի տարուց Եվրոպական միության բոլոր երկրները ճանաչած լինեն Հայոց ցեղասպանությունը:
Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարեւոր է, սակայն մեր առանցքային նպատակը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն է եւ, իհարկե, հատուցումը: Հայ ժողովրդին պետք է վերադարձվի իր կրած ցավի հատուցումը եւ պապական հողերը: