կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-02 12:05
Հասարակություն

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ ՈՒԳԸ ներկայացուցիչների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ ՈՒԳԸ ներկայացուցիչների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին առնչվող հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը․ տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման նպատակն օրերս Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսանողական կառույցներին և միավորումներին առնչվող հարցերի քննարկումն էր:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ՈՒԳԸ-ի ներկայացուցիչներին և կարևորել հանդիպման նրանց նախաձեռնությունը և քննարկվող նյութի բովանդակությունը. «Դուք մեր լավագույն պոտենցիալն եք, և մենք արժևորում ենք առողջ ուժը, որը ծառայելու է ոլորտի առաջխաղացմանը: Նոր օրենքի նախագծով ձեզ էապես շատ լիազորություններ են տրված. զարգացրե՛ք ավանդույթները, և մենք ինչով կարող ենք, կաջակցենք»,- ասել է նախարարը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակում քննարկվող առանցքային թեմաներն էին ուսանողական կառույցների՝ ինքնակառավարվող համակարգի անցման դրույթները, գործառույթների առանձնահատկություններն ու շրջանակները, ինչպես նաև «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականի տպագրմանն առնչվող հարցերը:

Ըստ քննարկման՝ նշյալ պարբերականը կարող է ծառայել որպես ուսանողների՝ գիտական ոլորտում առաջին փորձ, գիտաժողովների նյութերի ու գիտական զեկույցների տպագրման լայն հարթակ, իսկ գիտական հոդվածների համար ուսանողներին պետք է խրախուսել տպագրվելու ավելի բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում, այդ թվում՝ միջազգային ասպարեզում:

Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է առաջիկա օրերին հանդիպում կազմակերպել նաև Բարձրագույն որակավորման կոմիտեում՝ հարցերն այլ մոտեցմամբ ևս քննարկելու նկատառումով։

Նշենք, որ Ուսանողական գիտական ընկերությունը կոչված է նպաստելու ուսանողների գիտական, ստեղծագործական և հոգևոր կյանքի զարգացմանը: Նոր օրենքի նախագծով ընդլայնվել են կառույցի գործառույթները, և այն գործելու է որպես ինքնակառավարվող մարմին: