կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-22 10:36
Տարածաշրջան

Թուրքիայում սրվել է ներքաղաքական իրավիճակը

Թուրքիայում սրվել է ներքաղաքական իրավիճակը

Թուրքիայում երեկ հարձակում են գործել գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա մասնակցում էր օրերս Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների կողմից Իրաքի հետ սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով մահացած թուրք զինվորներից մեկի թաղման արարողությանը: Մի խումբ մարդիկ հարձակվել և հարվածել են Քըլըչդարօղլուին` վանկարկելով. «Այդ դո՞ւ էիր քրդերից ձայներ ստանում»: Թիկնապահներին հաջողվել է ընդդիմադիրների առաջնորդին հասցնել Անկարայի Չուբուք շրջանում գտնվող տներից մեկը, որը շրջապատվել է ամբոխի կողմից:

Թուրքիայի պաշտպանության նախարարը, ժամանելով դեպքի վայր, կոչ է արել հարձակում իրականացնողներին` դադարեցնել իրենց գործողությունը:

Թեև  Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քննադատել են այս հարձակումը, այնուհանդերձ, արդեն ապահով վայրում գտնվող Քըլըչդարօղլու շուրջը հավաքված կողմնակիցները վանկարկում և պահանջում էին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և Անկարայի նահանգապետի հրաժարականը:

Թուրքիայում բավական բացասական արձագանք է գտել «Գորշ գայլեր»-ի առաջնորդ, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հայտարարությունը, թե. «Այդ ինչի՞ ես հասցրել մարդկանց, որ քեզ բռունցքով հարվածում են»:

Նշենք, որ սա ընդդիմադիրների առաջնորդի վրա արդեն 3-րդ հարձակումն է. 2014 թ.-ին հարձակվել էին խորհրդարանում, 2016 թ.` Արդվինում` քրդերը, ինչի հետևանքով 1 ոստիկան էր սպանվել, 2-ն էլ վիրավորվել էին: