Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է Երևան քաղաքում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին:
Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ համաժողովը դարձել է ավանդական և իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում Հայրենիք-Սփյուռք համագործակցության համակարգում: Երկրի ղեկավարը համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները որակել է հրատապ ու պահանջված, որոնք մեծ կարևորություն են ներկայացնում գաղափարախոսական, ռազմավարական, մարտավարական տեսանկյուններից` ընդգծելով, որ Արցախը պատրաստակամ է համակարգված աշխատանք իրականացնել քաղաքական, տեղեկատվական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում:
ԼՂՀ Նախագահը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարել է հայոց անկախ պետականության հիմնասյուներից և հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը` հավելելով, որ ազգովի պետք է ամեն ինչ անենք այն անսասան պահելու և օր օրի զորացնելու ուղղությամբ: Բակո Սահակյանը նաև անդրադարձել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերի:
Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք կաթողիկոս Ներսես Պետրոս XIX-րդը, Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն