Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1993 թվականի ապրիլի առաջին օրերին, Արցախյան պատերազմի ընթացքում են ազատագրվել Քարվաճառ քաղաքն ու ամբողջ շրջանը: Ամեն տարի ապրիլյան առաջին օրերին Քարվաճառում և Շահումյանի շրջանի այլ համայնքներում կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված ազատագրման տարեդարձին:
Քարվաճառի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ օրերս քաղաքի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոց էին այցելել ազատագրման ռազմական գործողություններին մասնակցած մի խումբ ազատամարտիկներ: Դպրոցի ուսուցչական ու աշակերտական կազմի հետ հանդիպման ժամանակ Քարվաճառի ազատագրման գործողության հրամանատարներից Հովսեփ Հովսեփյանը պատմական ակնարկ կատարեց 26 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին, խոսեց Քարվաճառի ազատագրման ռազմավարական նշանակությունից: Նա նաև դպրոցին նվիրեց «Քարվաճառ. Մեր պատվո պարտքը» երկլեզու (հայերեն և ֆրանսերեն) գիրքը: Նույն օրը հյուրերն ու Քարվաճառի բնակիչները մասնակցեցին Արցախյան պատերազմի և 2016 թվականի Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը:
Քարվաճառի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև ապրիլի 4-ին: Տեղական ղեկավարության ներկայացուցիչները, Քարվաճառի բնակիչներն ու հյուրերը նախ այցելեցին Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղիկներ զետեղեցին այնտեղ: Միջոցառումը շարունակվեց Շահումյանի շրջանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի շենքում: Օրվա առթիվ ներկաներին ուղերձով դիմեց Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը:
«Արցախյան գոյամարտում 1993-1994 թվականները թե՛ մարտական գործողությունների մասշտաբով, թե՛ ռազմարվեստի տեսանկյունից եղել են առանձնահատուկ: Այդ ժամանակահատվածի ռազմական գործողությունների տրամաբանության մեջ էր մտնում նաև Քարվաճառի ազատագրումը, որը մեծ նշանակություն է ունեցել և բեկումնային է եղել մարտական հետագա գործողությունների համար: Քարվաճառի ազատագրումը կարելի է համարել մեր ամենակարևոր հաղթանակներից մեկը: Դա այն շրջանն է, որը թույլ տվեց ամբողջությամբ ապահովել Արցախի անվտանգությունը և անսասան դարձնել այն: Քարվաճառի ազատագրումը մեծ տոն է ոչ միայն Շահումյանի շրջանի ու Արցախի, այլև համայն հայության կյանքում, որն ունեցավ ռազմական, քաղաքական և հոգեբանական առանցքային նշանակություն մեր ժողովրդի և հայոց անկախ պետականության համար», -ընդգծեց նա իր ելույթում:
Գագիկ Մարտիրոսյանը ոգեկոչեց նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմին զոհ դարձած տղաների հիշատակը: «18-ամյա այդ պատանիներն իրենց կյանքի գնով ապացուցեցին, որ մեր հայրենիքի ու հայ ժողովրդի միակ պաշտպանը հայոց բանակն է», -ընդգծեց նա:
Խոսելով շրջանի այսօրվա ձեռբերումների` շրջանի վարչակազմի ղեկավարը նշեց, որ պայքարը չի ավարտվել, այլ տեղափոխվել է տնտեսության, դիվանագիտության ու քաղաքականության դաշտ: «Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր անփոխարինելի դերակատարումը մեր շրջանի շենացման գործում», -ամփոփեց Գագիկ Մարտիրոսյանը:
Միջոցառումը շարունակվեց տոնական համերգով, որի ընթացքում ելույթ ունեցան Շահումյանի շրջանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի երաժիշտներն ու պարի խմբի սաները:
Թամարա Գրիգորյան