Քաղաթաղի շրջկենտրոն Բերձորում այսօր կայացել է քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արցախյան գոյամարտի ժամանակ զոհված ազտամարտիկների հիշատակին կառուցած Փառքի հուշահամալիրում:
«
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը: Տոնի առթիվ նա շնորհավորել է բերձորցիներին և մասնավորապես ասել. «Շուշիի փառապանծ հաղթանակից հետո մեր հերոսները շարունակել են իրենց հաղթական արշավը և ազատագրել Բերձորը: Եթե Շուշին մեծ հաղթանակն էր կորուստներից ու Ցեղասպանությունից հետո, ապա Բերձորի ազատագրումը հայ ազգի միասնության խորհրդանիշն էր: Այդ միասնության շնորհիվ քաշաթաղցիները շարունակեցին մեր նահատակների սուրբ գործը. վերաբնակվեց Քաշաթաղը: Անտեսելով բոլոր դժվարությունները և հաղթահարելով մի շարք խոչընդոտներ կրկին վերածնվեց շրջանը: Փառք բոլոր այն հեևոսներին որոնց շնորհիվ այսօր ունենք զարգացող շրջան»:
Բերձորի քաղաքապետ Անահիտ Չարչյանն էլ իր խոսքում ասել է. «Այսօրվա համար մենք պարտական ենք այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին մեր բարօրության համար: Նրանց անունները հավիտյան կմնան մեր և նոր սերունդների սրտերում: Ցանկանում եմ նոր ձեռքբերումներ, հաջողություններ, անամպ երկինք և անսահման հայրենասիրություն»:
Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը բերձորցիներին է ներկայացրել ԱՀ ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը՝ նշելով, որ Բերձորի ազատագրումը հայ ժողովրդի երազանքներից մեկն է, որն իրականություն դարձրեց հայոց բանակը:
«Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ ոսկե տառերով գրվեց այդ հաղթանակը և միավորվեցին մեր հայրենիքի երկու հատվածները: Բերձորի ազատագրումը մեր ժողովրդի համար ունի առաջնային նշանակություն: Բազում հայ ընտանիքներ վերադարձան հայրենի օրրան՝ անմար պահելով մարտիրոսված քաջորդիների հիշատակը:Յուրաքանչյուր հաղթանակի հիմքում մեր նվիրյալների մաքառումն ու պայքարն է, որն այսօր արիության և սխրագործության դաս է նոր սերնդի համար»,-ավելացրել աէ Է. Խաչատրյանը: