Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 17:31
Տարածաշրջան

Թուրքիան Մոսկվայի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, ապա` բեմադրում երկկողմ ներկայացում

 Թուրքիան Մոսկվայի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, ապա` բեմադրում երկկողմ ներկայացում

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարությանը, թե Ս-400-ների գնման հետքայլի մասին խոսք անգամ չի կարող լինել, կոշտ հակադարձել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը` առաջարկելով ընտրություն կատարել` կա'մ ՆԱՏՕ, կա'մ Ռուսաստան:

Արդյո՞ք երկու երկրները դիվանագիտական ճգնաժամի մեջ են, եւ դրանից չի՞ ազդվի նրանց ռազմավարական գործընկերությունը: Այս հարցով Yerkir.am-ը դիմեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին:  

«ԱՄՆ-ի եւ Թուրքիայի փոխնախագահների միջև դեկլարատիվ բնույթի, անուղղակի, սուր բանավեճին հետևողը մի պահ կարող է այն համոզումն ունենալ,  որ երկու պետությունները, իրոք, դիվանագիտական ճգնաժամի մեջ են։ Բայց բանավեճի ձևաչափը հուշում է, որ հայտարարությունները վերջնագրային էություն չունեն, մանավանդ, որ նման և ավելի խիստ ոճի նախադեպեր եղել են, բայց ռազմավարական գործընկերությունը չի տուժել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ այս հարցն իր նախապատմությունն ունի: ««Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական Ս-400-ներից» հռետորական հարցադրումով մի քանի ամիս առաջ Էրդողանը Սիրիայում իր ներկայության հրամայականի մասին էր խոսում։ Անկարան փորձում էր թիավարել թե՛ ամերիկյան և թե՛ ռուսական ջրերում`հիմնավորելով, թե իր դաշնակիցը չի աջակցում Թուրքիային սպառնալիք համարվող քրդերի դեմ իրենց հայտարարած պատերազմին, հետևաբար` Մոսկվայից ստանալիք զինտեխնիկան օգտագործելու է, իր հասկացությամբ, ահաբեկիչների դեմ պայքարում։

Վաշինգտոնն Անկարայի կարիքն ունի ՆԱՏՕ-ի դաշինքում: Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահը, երբ խոսել է դաշինքի անվտանգությունը ռիսկի ենթարկելու մասին։ Իսկ դա, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարի, կախյալ է Անկարայի անհետևողական դիրքորոշումներից, ինչը մեծ հաշվով վկայում է Անկարայի դերի մասին։ Այս դերը գիտակցելով է, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը  հռետորական հարց է տալիս, որ Վաշինգտոնը արդեն պետք է որոշում կայացնի` ցանկանո՞ւմ է, արդյոք, որ Թուրքիան որպես դաշնակից մնա, թե՞ իրենց բարեկամությունը ռիսկի է ենթարկելու` ահաբեկիչների հետ համագործակցելով։ Ահաբեկիչներ ասելով` իհարկե, նկատի ունի քրդերին։

Ի դեպ, քաղաքական վերլուծաբանությունը չի բացառում, որ Անկարան Մոսկվայի հետ ռազմաքաղաքական առևտրային հարաբերությունները համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, ապա` բեմադրում երկկողմ ներկայացում՝ դեկլարատիվ բանավեճերի տեսքով»,- նշեց Շահան Գանտահարյանը: