կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-20 21:54
Հասարակություն

Մի գրպանից՝ մյուսը. Ինչպե՞ս է կառավարությունը մի կողմից՝ նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ խնայված գումարը ետ վերցնում

Մի գրպանից՝ մյուսը. Ինչպե՞ս է կառավարությունը մի կողմից՝ նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ խնայված գումարը ետ վերցնում

Ինչպես արդեն հայտնի է, 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում է նաև եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցումը՝ հայտնում է 168․am-ը:

Համաձայն այդ փոփոխության՝ այսուհետ, անկախ աշխատավարձի չափից` կլինի բարձր, թե ցածր, բոլորը վճարելու են համահարթ՝ 23% եկամտահարկ: Այս փոփոխությունն իր վրա, իհարկե, չի զգա վարձու աշխատողների 65%-ը, այսինքն՝ մոտ 390.000 մարդ, քանզի մինչ այդ էլ մինչև 150.000 դրամ ամսական աշխատավարձ ստացողները 2019թ.-ին վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը:

Այս փոփոխության ազդեցությունը նկատելի կլինի միայն 150.000 դրամից մինչև 2 մլն դրամ ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 28%-ի չափով եկամտահարկ, և շատ ավելի շոշափելի է` 2 մլն-ից ավելի ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 36%-ի չափով եկամտահարկ:

Փաստացի՝ համահարթ եկամտահարկի գանձումը հանգեցնում է նրան, որ, օրինակ, 500.000 դրամ աշխատավարձ ստացողը հարկումից հետո ստանալու է 17.500 դրամ ավելի, մինչդեռ 390.000 մարդու դեպքում, ովքեր ստանում են մինչև 150.000 դրամ աշխատավարձ, հարկումից հետո ոչ մի լումայի ավելացում չի լինում: Արդյունքում՝ արդեն իսկ բարձր աշխատավարձ ստացողների համար ստեղծվում են առավել արտոնյալ պայմաններ:

Մի կողմ դնելով բարձր և ցածր աշխատավարձ ստացողներին նույն դրույքաչափով հարկելու արդարացի լինելու կամ չլինելու փաստը՝ պետք է բարձրաձայնել, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում կան թաքնված 2 խայծ-փոփոխություններ, առաջինը՝ կենսաթոշակային համակարգի վճարի, երկրորդը՝ ակցիզային հարկի և պետական տուրքերի դրույքաչափերի փոփոխությունները:

Այս փոփոխություններն իրենց հերթին՝ բացասական ազդեցություն են ունենալու հենց այն 390.000 մարդու վրա, ովքեր ստանում են մինչև 150.000 դրամ ամսական աշխատավարձ:

Ինչո՞ւ: Եկամտահարկի աստիճանական նվազմանը զուգահեռ՝ տարեկան 1%-ով աճելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարը, որը 2023թ.-ին պետք է հասնի 5%-ի՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն, որն իր հերթին՝ ենթադրում է հավելյալ գանձում աշխատավարձից:

Մյուս կողմից էլ՝ կառավարությունը որդեգրում է հարկային եկամուտների կորուստը փոխհատուցելու մեխանիզմ՝ բարձրացնելով ակցիզային հարկի և որոշ պետական տուրքերի դրույքաչափերը: Ընդ որում, պետական տուրքերի դրույքաչափերի աճը հունվարի 1-ից կիրառվում է ֆինանսական ոլորտում գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրամադրման համար, ինչը դոմինոյի էֆեկտով կարող է հանգեցնել տվյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների ու պրոդուկտների թանկացմանը:

Ինչ վերաբերում է ակցիզային հարկի դրուքաչափի բարձրացմանը, ապա վերջինս կիրառվել է օղու  (բացառությամբ՝ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի, IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի, էթիլային սպիրտի մասով: Սա նույնպես արդյունքում հանգեցնելու է տվյալ ապրանքների վաճառքի գնի բարձրացմանը, ինչն ուղղակի ազդելու է տվյալ ապրանքները սպառող քաղաքացիների գրպանի վրա:

Ի՞նչ է ստացվում: Կառավարության կողմից ուժի մեջ դրված հարկային «բարեփոխումներն» ավելի շատ նման են արջի ծառայության. մի կողմից՝ չեն գանձում, իսկ մյուս կողմից՝ ստեղծում են ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման համար նպաստավոր պայմաններ:

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ