կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-29 12:30
Տարածաշրջան

Էրդողանի գաղափարները գնալով սպառվում են. գերմանական պարբերական

Էրդողանի գաղափարները գնալով սպառվում են. գերմանական պարբերական

Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից 2 օր առաջ գերմանական մի շարք պարբերականներ անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` քարոզարշավի ամբողջ ընթացքում արած արտահայտություններին. հաղորդում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Դյուսելդորֆ քաղաքում հրատարակվող Handelsblatt պարբերականը, քննադատելով Էրդողանի ռազմավարությունը, նշում է. «Էրդողանի գաղափարները գնալով սպառվում են: 15 տարի առաջ ճանաչել էր ազգային փոքրամասնությունների լայն իրավունքները, բանակը ժողովրդավարացրել էր, տնտեսության մեջ «հրավառություն» էր կազմակերպել: Սակայն արդեն 5 տարի է` բարեփոխիչից վերածվել է դատաիրավական համակարգն իր ձեռքը պահող առաջնորդի: Եթե ցանկանում է կանգնել աշխարհը փոխողների «բարձրագույն լիգայում», նախ Թուրքիայի համար պետք է նոր ուղի հարթի: Դրա գրավականն էլ միայն անվտանգություն ապահովելը չէ, այլ նաև ազատություն ապահովելը: Արևմուտքին պետք է համարի ոչ թե հակառակորդ, այլ գործընկեր»:

Rheinpfalz պարբերականն իր հերթին, անդրադառնալով Սբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը, նշել է. «Էրդողանը նախկինում ևս նման արտահայտություններ արել էր, սակայն մինչ օրս ոչ մի անհանգստացնող բան չկար դրանցում: Տաճարը զբոսաշրջային մագնիս է: Բացի այդ` դա հակասում է նաև նրա քաղաքականությանը: Հունվար ամսին հավանության է արժանացել Ստամբուլում 100 տարվա մեջ առաջին անգամ եկեղեցու շինարարության ծրագրին: Նման բան նույնիսկ Աթաթուրքի ժամանակ չէր եղել»: