կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 23:52
Հասարակություն

Իսկ միգուցե այսպե՞ս. հասկացնելու մնացած եղանակները կարծես սպառվում են. Կարեն Ճշմարիտյան

Իսկ միգուցե այսպե՞ս. հասկացնելու մնացած եղանակները կարծես սպառվում են. Կարեն Ճշմարիտյան

Իսկ միգուցե այսպե՞ս…

Հասկացնելու մնացած եղանակները կարծես սպառվում են։

Մի պահ հեռանանք քաղաքականությունից, անձնական խնդիրներից ու հուզական շեղումներից, և պարզապես փորձենք երևակայել…

Հարյուրավոր ուղևորներ գտնվում են ծրագրված կործանման ուղղությամբ թռչող, միտումնավոր լուրջ վնասված, և գահավիժող օդանավում։ Օդանավի փոքր սրահը մեծամասամբ ավերված է, և արտաքին շերտի բացվածքից սառը օդը մեծ արագությամբ ու հոսքով ներխուժում է փոքր և մեծ սրահներ` ապակայունացրել է օդանավը։

Երիտասարդ ուղևորներից շատերը փորձել են կանխել աղետը, և զոհվել են, կամ վիրավորվել։ Բացի այդ, հետևում է թշնամի ռազմական ինքնաթիռը։ Այն մերթ ընդ մերթ կրակ է արձակում, և վնասում օդանավին, սպանում, կամ վիրավորում է ուղևորներին։

Միաժամանակ սպառնում է հարվածել ու կործանել, եթե այն անհապաղ վայրէջք չկատարի թշնամի երկրի տարածքում։ Հետևում է նաև մեկ այլ՝ շատ ավելի հզոր ռազմական ինքնաթիռ, որը թույլ չի տալիս առավել ուժգին հարվածներ հասցնել ու ոչնչացնել ուղևորներով լի օդանավը։

Ինչ են տեսնում, ինչ են անում, և ինչով են զբաղված ուղևորները։

Ուղևորները տեսնում են, որ օդանավի անձնակազմը բանակցում է թշնամու ռազմական ինքնաթիռի անձնակազմի, նաև վերգետնյա թշնամական դիսպետչերական ծառայության հետ, և ակտիվ սնվում։ Ուղևորների համար պարզ չէ բանակցության օրակարգը։

Մի մասը սարսափած լռում են, ագահաբար սնվում ու կերակրում իրենց երեխաներին։ Մի քանիսն օդապարիկներով դուրս են նետվել և իջել տարբեր երկրների տարածքներում։

Մնացածներն ակտիվ քննարկում են՝ աղմկում, բղավում, բարկանում, ողբում, նյարդայնանում, խռովում, սրտխառնոց ունենում, հիվանդանում, հայհոյում, փորձում են քնածներին արթնացնել, ստիպել անտարբերներին, որպեսզի մտածեն, հասկանան ու ներգրավվեն…

Բազմաթիվ ուղևորներ համոզված են (մի մասը չեն արտահայտվում), որ օդաչուական անձնակազմն աղետաբեր է։ Մյուս մասն ակնհայտ զգում է դղրդոցը, սակայն չի հավատում մոտալուտ ողբերգությանը։

Բոլորը քաջատեղյակ են, որ օդանավում է գտնվում փորձառու և բարձրակարգ պրոֆեսիոնալ օդաչուական այն անձնակազմը, որն առնվազն երկու անգամ նման իրավիճակից դուրս է բերել հարյուրավոր մարդկանց, փրկել օդանավը, և անվտանգ վայրէջք կատարել հարազատ օդանավակայանում։ Համարյա բոլորը համոզված են, որ նրանք ի վիճակի են փոխարինել գործող անձնակազմին, և ի զորու են կրկին անվնաս վայրեջք կատարել։

Ավելին՝ նշված անձնակազմն իր համախոհներով փորձում է փոխարինել կործանման տանող անձնակազմին, սակայն ուղևորների մի մասը չեն թողնում։ Ընդ որում, ովքեր չեն թողնում՝ նույնպես համոզված են, որ դրանից հետո անվտանգ կլինի, սակայն միևնույն է՝ չեն թողնում։ Հավանաբար նրանց հրամայողները սարսափում են վայրէջքից հետո պատասխանատվությունից (մնացածի շարժառիթներն էական չեն):

Օդանավի անկումը շարունակվում է, ահագնանում է տուրբուլենտությունը, լսվում է ուժգին դղրդոցը։

Առջևում անզեն աչքով երևում են սև խիտ ամպերում որոտացող կայծակները, ուժգին քամիներն ու հորդառատ տեղումները։ Սրահում նստած պրոֆեսիոնալ անձնակազմը ուղևորներին անդադար բացատրում է իրավիճակի մահացու վտանգավորությունը, բոլոր հնարավոր ելքերն ու լուծումները, խնդրում է աջակցություն…

Ուղևորների մեջ, շարքային քաղաքացիներից բացի, կան ահաբեկիչներ, նաև՝ սրտացավ, ակտիվ, սակայն պրոֆեսիոնալ օդաչուական անձնակազմի գործողություններից և նրա որոշ անդամներից դժգոհներ, հուզական պոռթկումներով խանգարողներ։

Առանձնանում են տվյալ իրավիճակում այլոց ճամպրուկները և ունեցվածքը բռնի ուժով խլողները, և իհարկե՝ կործանմանը նպաստող, պրոֆեսիոնալներին մեջքից հարվածող ծպտվածները։

Օդանավը, սակայն, սլանում է նույն ուղղությամբ՝ դեպի սև ու խիտ ամպերով պատված ակտիվ կայծակի գոտի, գլխավոր հանգույցներն արդեն շարքից դուրս են եկել, և անկառավարելի են։ Վառելիքն ու սնունդը սպառման եզրին են։

Հարց. ի՞ նչ պետք է անհապաղ անեն ուղևորները, որպեսզի փրկվեն։

Պատասխան առաջին՝ շարունակել քննարկել, փնտրել «Նոր անձնակազմ»՝ օդում սավառնող այլ օդանավերի ուղևորներից, կամ օդապարիկներով դուրս նետվածներից, նաև՝ փնտրել «Նոր ուղղություն» և «Նոր օրակարգ»։

Պատասխան երկրորդ՝ լռել , սնվել ու սպասել…

Պատասխան երրորդ՝ դատափետել ու քննադատել իրավիճակը շտկելու ձգտող ու պատրաստ պրոֆեսիոնալ անձնակազմին։

Պատասխան չորրորդ՝ հինգերորդ, և այլն՝ ըստ հայեցողության…

ՀԳ. «Еще раз для особо непонятливых, тупых и убогих»:

Օդանավը՝ Հայոց պետությունն է, փոքր սրահը՝ Արցախը, մեծ սրահը՝ Հայաստանը, ուղևորները՝ Հայ ժողովուրդը։ 

Մնացածը՝ թող համբերատար ընթերցողը որոշի…:

Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար