Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության Նորշենի դպրոցի թիմը, մասնակցել է մարտի 17-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած Ամերիկայի հայ ճարտարագետների ու գիտնականների միավորման՝ AESA-ի (Armenian Engineers and Scientists of America) կողմից կազմակերպված ամենամյա 18-րդ գիտական օլիմպիադային:
Թիմը, որի կազմում էին Նորշենի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Աննա Հարությունյանը և Աշանի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գեղամ Ղայամյանը, զբաղեցրել է մրցանակային երրորդ տեղը և արժանացել հատուկ մրցանակի: Նրանք ֆիզիկայի բնագավառում տեսակապի միջոցով ներկայացրել են էլեկտրաստատիկական ու դասավանդման մեթոդիկայի ոլորտի իրենց մտահղացումը: Աշխատանքները ղեկավարել է Նորշենի ֆիզիկայի ուսուցիչ Արա Հարությունյանը, ով մեզ հետ զրույցում կարևորել է այն հանգամանքը, որ Արցախի աշակերտներն, առաջին անգամ մասնակցելով այդ հռչակավոր օլիմպիադային, մրցանակային պարգևի են արժանացել:
Ամերիկայի հայ ճարտարագետների ու գիտնականների (AESA) կազմակերպությունը անկուսակցական եւ ոչ աղանդավորական բարեգործական կազմակերպություն է, որի նպատակը աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի մասնագիտական, տեխնիկական եւ գիտական հնարավորությունները զարգացնելն է:
Այն հիմնադրվել է 1983 թվականին, երբ տարբեր ոլորտների շուրջ 40 հայ գիտնականներ, պրոֆեսորներ ու ճարտարագետներ արձագանգեցին դոկտոր Հակոբ Փանոսյանի առաջարկին: Այսօր Հայ ճարտարագետների եւ գիտնականների միության անդամների ու համախոհների թիվը մի քանի հազար է, նրանց գործունեության ոլորտներն ու նպատակները՝ բազմազան: Միավորումը նպատակ է դրել ընդլայնել իր դերը Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի զարգացման բնագավառում:
AESA-ի տարեկան գիտական օլիմպիադան 6-12-րդ դասարանների ուսանողների համար է՝ կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, ռոբոտաշինության եւ արհեստական ինտելեկտի ոլորտներում: Այս տարի օլիմպիադային առաջին անգամ մասնակցում էին դպրոցականներ Արցախից, Հայաստանից ու Նյու Յորքից: