Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մարտի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քլեյ Մեյթրոնին: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր քննարկել համատեղ կյանքի կոչված ծրագրերը և համագործակցության հետագա ուղիները:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության դերակատարությունը և երկու կառույցների միջև համագործակցությունը, որպես քաղաքակրթական բարձր արժեքների պահպանմանն ուղղված կարևոր և անհրաժեշտ գործունեություն:
Երկկողմ համագործակցության համատեքստում ԱԻ նախարարն ընդգծել է ԿԽՄԿ-ի և ԱԻՆ-ի միջև իրականացված ծրագիրը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակությանը կատարված ծավալուն աշխատանքի և զգալի ջանքերի ներդրման համար:
Ֆելիքս Ցոլակյանը առաջարկել է չսահմանափակվել նախորդ տարիներին կատարված աշխատանքով և առաջարկեց ապահովել ծրագրերի շարունակականություն, փոխգործակցության ակտիվացում և խորացում:
Նախարարը Քլեյ Մեյթրոնին տեղեկացրել է, որ պատրաստվում է օրենքի նախագիծ, որը կսահմանի թե ինչ է աղետը, կհստակեցնի պետական գերատեսչությունների հասցեական պարտականությունները, կսահմանի համապատասխան պաշտոնյաների պատասխանատվությունը:
Նախատեսվում է նաև քաղպաշտպանությունն առանձնացնել Փրկարար ծառայությունից: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ նմանօրինակ օրենսդրական կարգավորումների հարցում Հայաստանը կօգտվի Կարմիր խաչի օրինակելի փորձից:
Քլեյ Մեյթրոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, ցանկություն է հայտնել երկարաձգել ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը և խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:
ԿԽՄԿ պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավարը Ֆելիքս Ցոլակյանին նվիրել է մարդու իրավունքների Ժնեևյան կոնվենցիայի հայերեն թարգմանությունը և առաջարկել ԿԽՄԿ փորձի փոխանակումը՝ օրենսդրության բարելավման, մարդու հիմնարար ազատությունների ապահովման հարցերում:
Քլեյ Մեյթրոնը նաև իր երախտագիտությունն է հայտնել ԱԻՆ-ին երկրաշարժի ժամանակ մարդու ապահով վարքագիծ դրսևորելու հարցում ուսուցողական գործընթացին աջակցելու համար: