կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-19 11:50
Իրավական

Եթե դատապարտյալը պատշաճ վարքագիծ դրսևորի, կկարողանա ավելի շատ հանդիպումներ ունենալ ընտանիքի անդամների հետ. Արտակ Զեյնալյան

Եթե դատապարտյալը պատշաճ վարքագիծ դրսևորի, կկարողանա ավելի շատ հանդիպումներ ունենալ ընտանիքի անդամների հետ. Արտակ Զեյնալյան

Մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում 2 հարց է, որոնցից մեկը վերաբերում է 2018 թվականի հունիսի 1-ին հավանության արժանացած` ՀՀ կառավարության ծրագրի և արդյունքների մասին զեկույցին: Հիմնական զեկուցողն է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա անդրադարձավ դատապարտյալների տեսակցության իրավունքի իրացմանը` մասնավորապես նշելով, որ մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող դատապարտյալների համար տեսակցության իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով կարճատև տեսակցության փոխարեն ամսվա ընթացքում 2 անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն է ստեղծվել և ընձեռվել:

«Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար կարճատև և երկարատև տեսակցությունների թիվը կրկնապատկվել է: Տարվա ընթացքում առնվազն 6 կարճատև և 2 երկարատև տեսակցության տրամադրման հնարավորություն է ստեղծվել: Սա նվազագույն շեմն է»,- նշեց Զեյնալյանը` հավելելով. «Եթե անձը պատշաճ վարքագիծ դրսևորի, համապատասխան սենյակները կլինեն ազատ, ծանրաբեռնված չեն լինի այլ անձանց՝ այս իրավունքից օգտվելու հանդիպումներով, ապա անձը կկարողանա նաև ավելի շատ հանդիպումներ ունենալ իր ընտանիքի անդամների հետ»:

Անդրադառնալով կալանավորված քաղաքացիների` քաղաքացիա-իրավական գործարքներին մասնակցելու սահմանադրական իրավունքի իրացմանը` Զեյնալյանը շեշտեց, որ վերոնշյալ անձինք իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս հենց այս նպատակով ստանալու ժամանակավոր վկայական:

Նախարարը ներկայացրեց նաև մի շարք քրեակատարողական հիմնարկներում կատարված վերանորոգումների մասին տեղեկատվություն` շեշտելով, որ կառավարությունը 270 միլիոն 858 հազար դրամ է տրամադրել մի քանի քրեակատարողական հիմնարկների, մասնավորապես՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար: «Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով միջոցներ են հատկացվել»,- հայտնեց նա:

Ինչ վերաբերում է վարչական համաներման իրականացմանը, ապա Զեյնալյանը փաստեց, որ համաներման արդյունքում 108 հազար 916 անձանց նկատմամբ կիրառվել է համաներում, կարճված կատարողական վարույթների թիվը 1 միլիոն 259 հազար 177 է: Ըստ նախարարի` տեղի է ունեցել նաև քրեական համաներում: «Արդյունքում` քրեակատարողական հիմնարկներից ազատված դատապարտյալների թիվը մարտի 13-ի դրությամբ 627 է: Պրոբացիոն ծառայությունում համաներում է կիրառվել 2342 շահառուի նկատմամբ: Երևանի 4 բժշկական կենտրոններն ունենալու են կալանավորների համար նախատեսված բաժանմունքներ: Ոչ միայն Երևանի, այլև Վանաձորի, Գյումրու և Գորիսի որոշ բժշկական հաստատություններ կունենան հատուկ բաժանմունքներ՝ նախատեսված կալանավորների և դատապարտյալների համար: Պատիժը կրելու պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը, որը տարիներ շարունակ պատշաճ չէր կիրառվել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, սկսել է գործել: Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձ»,- եզրափակեց արդարադատության նախարարը: