կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-18 16:42
Տարածաշրջան

Պետք է դեռ սպասել՝ սա զուտ հռետորաբանությո՞ւն է, թե՞ այն ազդել է թուրք-իսրայելական չերևացող համագործակցության վրա. Սաֆրաստյան

Պետք է դեռ սպասել՝ սա զուտ հռետորաբանությո՞ւն է, թե՞ այն ազդել է թուրք-իսրայելական չերևացող համագործակցության վրա. Սաֆրաստյան

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Այնթափ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում  քննադատել էր Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին և հայտարարել. «Նեթանյահուն դաժան բռնակալ է, և եթե աշխարհում փնտրում եք ճնշող երկիր, ապա դա Իսրայելն է, եթե փնտրում եք ահաբեկչական պետություն, ապա դա էլ է Իսրայելը»:

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունը դիտարկեց թուրք-իսրայելական հարաբերությունների համակարգում, որը սկսվեց ձևավորվել 1990-ականների երկրորդ կեսին՝ ԱՄՆ-ի հովանու ներքո:

«Ստեղծվեց թուրք-իսրայելական ռազմական դաշինքը, որը ոչ միայն քաղաքական նպատակներով է ստեղծվել, այլև առավել խորքային դաշինք էր և նշանակում էր համագործակցություն թուրքական և իսրայելական գաղտնի ծառայությունների միջև, նրանց գործողությունները Մերձավոր Արևելքում:  Հետագայում, երբ իշխանության եկավ Էրդողանը, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Էրդողանը միտումնավոր կերպով արաբական, իսլամական աշխարհում տպավորություն էր ստեղծում, թե ինքն այլևս այս պարտավորություններից դուրս է գալիս: Սա դրական նշանակություն ունեցավ, և Թուրքիայի հեղինակությունն իսլամական, արաբական  աշխարհում որոշ չափով բարձրացավ: Սակայն, ըստ արևմտյան վերլուծաբանների գնահատականների, Թուրքիայի և Իսրայելի միջև համագործակցությունը շարունակվում է չերևացող ոլորտներում: Իսկ Մերձավոր Արևելքն այնպիսի տարածաշրջան է, որտեղ քաղաքականության չերևացող ոլորտները կարևոր նշանակություն ունեն: Պետք է սպասել և տեսնել՝ Էրդողանի բարձրացրած հակաիսրայելական հռետորական ալիքը իսկապե՞ս կազդի այդ լայնածավալ, բայց չերևացող համագործակցության վրա, թե՞ սա հերթական հռետորաբանությունն է, որի մեծ վարպետն է Էրդողանը»,- ասաց Սաֆրաստյանը: