կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-18 16:17
Տարածաշրջան

Թուրքիան ցույց է տալիս, որ դժվար է տեղավորվում ամերիկյան ծրագրերի մեջ․ Սաֆրաստյան

Թուրքիան ցույց է տալիս, որ դժվար է տեղավորվում ամերիկյան ծրագրերի մեջ․ Սաֆրաստյան

 Ս-400 համակարգերի մատակարարման` Թուրքիա-Ռուսաստան գործարքը կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ, քանի որ այն ոչ միայն զուտ զենքի վաճառքի գործարք է, որն ուժեղացնելու է Թուրքիայի զինանոցը, այլև լուրջ մտավախություններ է առաջացնելու  ԱՄՆ-ի մոտ, քանի որ այս գործարքի շնորհիվ Թուրքիան տարածաշրջանում հաստատում է վերջին տարիների իր քաղաքական մոտեցումները տարածաշրջանային զարգացումների նկատմամբ, որով ապահովվում է նրա՝ տարածաշրջանում առավել մեծ դերակատարությունը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Թուրքիան այս գործարքով ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է գնալ առճակատման ԱՄՆ-ի հետ, գոնե` այս բնագավառում: Ամերիկյան վերլուծական կենտրոնները մեկ տարուց ավելի ահազանգում են այս մասին: Ես համոզված եմ, որ այն հասնում է ԱՄՆ-ի ղեկավարության ամենաբարձր օղակներին: ԱՄՆ-ն աշխարհաքաղաքական առումով կախվածություն ունի Թուրքիայից, իսկ Թուրքիան, իր հերթին, ապացուցում է, որ ձգտում է ինքնուրույն դեր խաղալ տարածաշրջանում, այսինքն՝ Թուրքիան ԱՄՆ-ին ցույց է տալիս, որ արդեն դժվար է տեղավորվում ամերիկյան ծրագրերի մեջ: Ըստ այդմ՝ ԱՄՆ ղեկավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ թուլացնելու համար Թուրքիայից կախվածությունը: Խոսքը մի քանի հանգամանքների մասին է, օրինակ՝ Ինջիրլիքի ռազմակայանը, որը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի և հնարավորություն է տալիս ԱՄՆ-ի դաշնակիցներին` Մերձավոր Արևելքի վրա ազդեցություն ունենալ: Ես համոզված եմ, որ ԱՄՆ-ում արդեն ծրագրեր կան նոր խոշոր ռազմակայան կառուցելու մասին, որը պետք է սպասարկի օդուժը: Երկրորդ՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիան կարողացել է առավելության հասնել Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ լիովին օգտագործելով լրագրողի սպանության փաստը: Երրորդ՝ Թուրքիայի դիրքերն ուժեղացնում է նաև այն, որ նա կարողացավ տակտիկական առումով իր հարաբերություների մակարդակն Իրանի հետ մեկ աստիճանով բարձրացնել: Այսինքն՝ այս փուլում Թուրքիան գտնվում է իր դիրքերը տարածաշրջանային առումով ուժեղացնելու ճանապարհին»,- նշեց թուրքագետը՝ հավելելով, որ Թուրքիայի հակառակորդները շատ են, իսկ նրա պոտենցիալն էլ այնքան ուժեղ չէ, որ կարողանա այս խնդիրը մինչև վերջ հաջողությամբ իրականացնել, բայց ներկա փուլում կարելի է արձանագրել Թուրքիայի դիրքերի ուժեղացում տարածաշրջանում: