կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-07 16:16
Իրավական

Կարեն Ղազարյանի դատավարության վերաբերյալ ՄԻԵԴ ուղարկվելիք նոր փաթեթ է պատրաստվում. Արա Ղազարյան

Կարեն Ղազարյանի դատավարության վերաբերյալ ՄԻԵԴ ուղարկվելիք նոր փաթեթ է պատրաստվում. Արա Ղազարյան

Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված` ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով հայ մասնագետների կողմից պատրաստվում է ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատի նոր փաթեթ` արդեն դատավարության մասով: Այս մասին լրագրողներին հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա  Ղազարյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ գանգատներ են ներկայացվել՝ կապված նրա գտնվելու վայրի բացահայտման, առողջական վիճակի տեղեկացման և այլ հարցերի հետ: Ըստ փաստաբանի` դատավարության ընթացքում և դրանից հետո շարունակվում են խախտվել ՀՀ քաղաքացու իրավունքները: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ՀՀ քաղաքացուն մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ սպանություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում և այլն։

«Եղել է դատավարություն, բայց Կարեն Ղազարյանին շարունակում են պահել անհաղորդակից արտաքին աշխարհից: Եթե նախաքննական փուլում կարելի է հասկանալ սա, թե գոյություն ունի նախաքննական  գաղտնիք ասվածը, և ըստ այդմ՝ կան որոշակի սահմանափակումներ, ապա անհասկանալի է, թե ինչու է դատաքնննության փուլում դա տեղի ունեցել: Բնականաբար, պատճառն այլ է՝ Կարենի վերաբերյալ ստեղծվել է լեգենդ, կեղծ քրեական գործ, և եթե նրան թույլ տան շփվել արտաքին աշխարհի կամ ծնողների հետ, ապա այդ լեգենդը կփլվի: Այսօր միակ կազմակերպությունը, որը կարողանում է կապ պահպանել Կարեն Ղազարյանի ծնողների և նրա հետ, Կարմիր խաչն է: Իհարկե, պարզ է՝ անազատության մեջ գտնվող անձի ասածներին պետք է վերապահումով մոտենալ: Կարեն Ղազարյանն ասել է, թե լավ է, բայց մենք տեսապատկերից տեսանք, թե որքան է նիհարել, դատական նիստում անգամ փաստաբան չկար նրա կողքին: Այս ամենը հաստատում է մեր` ավելի վաղ ունեցած մտահոգությունը, որ Կարենի նկատմամբ դատաքննությունը չի կարող լինել արդար, երբ նա զրկված է եղել արտաքին աշխարհից»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ Կարեն Ղազարյանի գործին հենց սկզբից առաջնահերթություն է տրվել, ինչը նշանակում է, որ ավելի արագ է քննվելու ՄԻԵԴ-ում:

Ըստ փաստաբանի՝ մինչ այժմ արդեն 4 փաթեթ են փոխանակել են ՄԻԵԴ-ի հետ, ավելին` ամիսներ առաջ ՄԻԵԴ-ին խնդրել են միջամտել, որ Կարեն Ղազարյանի և ծնողների միջև կապ ապահովվի՝ սկայպով կամ հեռախոսով, նույնիսկ առաջարկվել է, որ հայրը կարողանա մտնել Ադրբեջան:

«Շատ քիչ հույսեր ունեի, որ ՄԻԵԴ-ը կհաստատի սա՝ լավ հասկանալով ՄԻԵԴ-ի մանդատը: Նրանք գրեցին, որ իրենց մանդատից դուրս է նման հարցով միջամտելը: Հասկանալի է, ավելին չենք կարող պահանջել և հիմա ունենք այն, ինչ ունենք: Ծնողները միայն Կարմիր խաչի միջոցով միջնորդավորված կցկտուր տեղեկություններ կարող են ստանալ, թե ինչպես է իրեն զգում Կարենը: Այնտեղից գալիս է դրական ինֆորմացիա, բայց ինչպե՞ս կարելի է հավատալ դրան: Ինչպես ասացի՝ հիմա արդեն դատավարության վերաբերյալ ենք նոր փաթեթ պատրաստում՝  խնդրելով արագացնել գործընթացը, քանի որ Կարեն Ղազարյանը դատապարտվել է, և չգիտենք՝ բողոքարկում կլինի՞, թե՞ ոչ: Հնարավոր չէ նրա փաստաբանին զանգահարել. ես փորձել եմ մի քանի անգամ, բայց ՀՀ-ից ցանկացած զանգ թույլ չեն տալիս: Ադրբեջանը մեկ այլ գործով պաթետիկ կերպով հայտարարել էր, թե ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է էլեկտրոնային տարբերակով դիմել գլխավոր դատախազություն, բայց դա ՀՀ քաղաքացու դեպքում հնարավոր չէ, պետք է գնաս Վրաստան, որպեսզի  այնտեղից դիմես: Մի անգամ մենք ԱՄՆ-ի միջոցով` այնտեղի հարազատների միջոցով ենք նամակ ուղարկել, բայց պատասխան չենք ստացել: Հայաստանն այլ գործերով Մինսկի կոնվենցիայի շրջանակում կոմունիկացիա է ուղարկել Ադրբեջան՝ խնդրելով համագործակցել, բայց նույնպես պատասխան չի ստացվել: Ինչ վերաբերում է Կարեն Ղազարյանի արտահանձմանը, ապա Ադրբեջանը բազմիցս նշել է, որ չկան դիվանագիտական հարաբերություններ, ուստի պարտադրված չեն համագործակցել, սակայն եթե մենք ստորագրել ենք Արտահանձման վերաբերյալ եվրոպական կոնվենցիան կամ Մինսկի կոնվենցիան, ապա նրանք պարտավոր են համագործակցել՝ անկախ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից: Օրինակ՝ բազմաթիվ դեպքերում Հայաստանը Թուրքիայի քաղաքացու է հանձնել Թուրքիային, Թուրքիան՝ ՀՀ քաղաքացու: Դա Վրաստանում Թուրքիայի դեսպանության միջոցով արվում է»,- ամփոփեց միջազգային իրավունքի մասնագետը:

 Հավելենք, որ երեկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր հերթին նշել էր. «Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները ՄԻԵԴ են ներկայացրել գանգատ` պահանջելով հրատապ միջոց ձեռնարկել: Այժմ այդ գանգատը քննվում է: Բացի այդ` ՀՀ կառավարությունը գործադրում է բոլոր հնարավոր գործիքները` դիվանագիտական, քաղաքական և հումանիտար, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքը երաշխավորվի: Մինույն ժամանակ, ամեն ինչ արվում է` նրան վերադարձնելու համար»:

Հավելենք, որ  դեռևս 2018թ. հուլիսին, երբ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում ու այդ երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որևէ կերպ կապ չունի զինվորական ծառայության հետ: ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ` 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ զինված ուժերում։