կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 11:52
Իրավական

Եվրոպական դատարան ուղարկվելիք 3-րդ դիմումը մշակման փուլում է, այն կարող է ներառել քաղբանտարկյալի մասով տարր. Քոչարյանի փաստաբան

Եվրոպական դատարան ուղարկվելիք 3-րդ դիմումը մշակման փուլում է, այն կարող է ներառել քաղբանտարկյալի մասով տարր. Քոչարյանի փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննվելու է երկու միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրածը և  ՀՔԾ-ի միջնորդությունը  Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ 

Նշենք, որ  հունվարի 15–ի դատական նիստում ՀՔԾ–ն միջնորդել էր երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը, ինչի դեմ առարկություններ էին ներկայացրել Քոչարյանի պաշտպաններից երկուսը։ 

«Երեկ գրավի միջնորդությունը, ըստ էության, չի քննվել, այն դառնում է առարկայազոր` որպես այդպիսին, որովհետև եթե բավարարվի կալանքի երկարացման  միջնորդությունը, այն արդեն ներառում է առանձին գրավի միջնորդություն, ուստի գրավի հարցն առանձին քննարկելը դառնում է անիմաստ: Եթե մերժվի ՀՔԾ-ի միջնորդությունը, ապա գրավի հետ կապված միջնորդությունը մինչև ամսի 20-ը կլինի առարկայական»,- նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Ըստ նրա` դատավորի բարյացակամ կամ ոչ բարյացակամ վերաբերմունքը որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ դատական վերջնական ակտի վրա, այն պետք է հիմնված լինի առկա փաստաթղթերում բերված հիմնավորումների, նյութերի և հետազոտությունների  վրա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել որոշել սահմանվող գրավի չափը:

Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի հետ կապված գործընթացներին՝ Արամ Օրբելյանը նշեց, որ երրորդ դիմումը մշակման փուլում է՝ կախված այս գործընթացի արդյունքներից:

«Չի բացառվում, որ այն ներառի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը՝ քաղբանտարկյալի մասով կետը, այն է՝  ի հավելումն հետապնդումների, դատարանը հաստատում է, որ առկա են խախտումներ արդար դատական քննության կամ ազատության, և սրան հավելում է 18-րդ հոդվածը, որն արձանագրում է՝ խախտումների հիմքում ընկած են ոչ թե ուղղակի խախտումներ, այլ` քաղաքական դրդապատճառներից բխող: Միջազգային կառույցների կողմից տրված սահմանումները, որոնք հասցեագրված են ՀՀ-ին, Ռոբերտ Քոչարյանի վրա տարածվում են: Հայկական դատական գործընթացներում այս համատեքստում հարցը չի քննարկվում, այստեղ ցույց ենք տալիս իրավական խախտումները եւ դրանց դեմ բողոքներ ենք ներկայացնում»,- շեշտեց Արամ Օրբելյանը: