Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին, առանց որևէ փաստական ապացույցի, երեկ Ադրբեջանի Գյանջայի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ադրբեջանում ՀՀ քաղաքացուն մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ սպանություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում և այլն։
Ադրբեջանագետ Տարոն Հովյաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ղազարյանի դատավարությունից ընդամենը մեկ դեպք են հրապարակել:
«Ղազախի շուկայի սեփականատերը նշում է՝ ինձ ասել են, որ նա ցանկանում էր իմ շուկայի վրա հարձակվել, ուստի խնդրում եմ այս «ահաբեկչին» խստորեն դատել: Բայց ո՞վ է նրան ասել, արդյո՞ք դա կարող է լինել ապացույց, երբ անգամ այդ շուկայի տերը վկա չէ, իբր նա լսել է, իրեն ասել են: Ինչպե՞ս կարող է նման վկայությունն ընկնել քրեական գործի հիմքում: Նման կեղծ վկայությունների հիման վրա մարդուն դատապարտում են 20 տարվա ազատազրկման: Այստեղ ամեն ինչ պարզ է՝ նա հայ է, դրա համար էլ Ադրբեջանը նման դիրքորոշում որդեգրեց: Նրանք փորձում են ստեղծել նաև մի արհեստական իրավիճակ, երբ, նրանց կարծիքո, կկարողանան հայկական կողմին ստիպել իրական հանցագործներին` Քարվաճառի դիվերսատներին, որոնք սպանել են 17-ամյա տղայի, մի զինվորականի և վիրավորել մի կնոջ, փոխանակել Կարեն Ղազարյանի հետ: Սա մի բան է ապացուցում՝ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր էլ խրախուսում է քսենոֆոբիան, Ադրբեջանի ղեկավարների խոսքում գերակշռում է ատելության քարոզը: Եվ հույս ունենալ, որ նման պետության հետ դրական արդյունքների կհասնենք, բարդ է: Ըստ իս՝ եթե ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրներն իրերն իրենց անունով չկոչեն, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ առաջընթաց չենք կարող ունենալ: Սա չի լինի, եթե նրանք մեխանիզմներ չսահմանեն՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել կամ նվազեցնել հայատյաց քաղաքականությունը»,- նշեց ադրբեջանագետը:
Վերադառնալով Կարեն Ղազարյանի գործին՝ Տարոն Հովհաննիսյանը շեշտեց, որ Հայաստանը ՄԻԵԴ-ում պետք է բարձրաձայնի այս հարցը Կարեն Ղազարյանի հարազատների միջոցով, որ կեղծ վկայություններով և փակ դատաքննությամբ ՀՀ քաղաքացուն ապօրինաբար դատապարտել են 20 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հուլիսին, երբ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում ու այդ երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որևէ կերպ կապ չունի զինվորական ծառայության հետ: ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ` 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ զինված ուժերում։