կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-05 17:10
Քաղաքական

Վիզաների ազատականացման հետ կապված մտավախություն կա. Վիկտոր Ենգիբարյան

Վիզաների ազատականացման հետ կապված մտավախություն կա. Վիկտոր Ենգիբարյան

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման միջգերատեսչական հանձնաժողովը  պարբերաբար նիստեր է գումարում, համաձայնագրի կիրարկման ծրագիրն ուղարկվել է Բրյուսել, որտեղ այն համաձայնեցվում է գործընկեր կառույցների հետ. ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանը։

«Նրանք արդեն արել են իրենց դիտարկումները ծրագրի կիրարկման գործողությունների վերաբերյալ, և, ընդհանուր առմամբ, գնահատվում է գերազանց։ Մենք նրանց առաջարկներն այս պահին քննարկում ենք: Մեկ ամսից հետո կսկսվի բուն կիրարկումը»,- նշեց նա:

Ենգիբարյանը գիտի, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման ճանապարհային քարտեզը դեռևս նախորդ տարի էր պատրաստ, բայց վստահեցնում է՝ գործընթացը չի դանդաղում, ավելին՝ հարցը ժամկետների մեջ չէ, մի բան էլ առաջ են։ Ըստ պատգամավորի` Եվրոպական խորհրդարանի ընտրությունները չեն կարող դանդաղեցնել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վավերացումը։

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ԵՄ անդամ երկրները չեն շտապում վավերացնել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը՝ ցույց տալու համար, որ դժգոհ են Փաշինյան-Պուտին` հաճախ տեղի ունեցող հանդիպումներից, Ենգիբարյանը պատասխանեց․ «Բոլոր հանդիպումների ժամանակ, որ մեր խորհրդարանի առանձին պատգամավորներ ունենում են եվրոպական գործընկերների հետ, փաստվում է, որ մեր գործընկերները ժամկետներն ուրվագծում են։ Օրինակ՝ Գերմանիայի պառլամենտ հարցը կմտնի գարնանը, և այլն։ Այսինքն՝ այստեղ գործ չունենք արհեստական խոչընդոտների հետ, հակառակը՝ մենք ստանում ենք բազմաթիվ հավաստիացումներ, որ նման խոչընդոտներ չկան։ Մենք գործ ունենք ազգային օրենսդրությունների հետ, քանի որ 28 երկրներից ամեն մեկն ունի իր օրենսդրությունը, որոշ դեպքերում մենք գործ ունենք երկպալատանի խորհրդարանի հետ, և այլն»։

Պատգամավորը համաձայնագրի վավերացման վերջնական ժամկետը շահարկելը կեղծ օրակարգ է համարում, բայց համակարծիք է այն դիտարկումներին, որ խնդիր կա վիզաների ազատականացման գործընթացում, թեև վստահեցնում է` այդ խնդրի հիմքում ՀՀ-ի հետ հարաբերությունները չեն: «Վիզաների ազատականացման հետ կապված մտավախություն կա, գուցե մեր սպասումները չարդարացվեն, և այն մի փոքր ուշանա։ Սակայն սա կապված է այն հանգամանքի հետ, որ Վրաստանի և Ուկրաինայի հետ վիզաների ռեժիմի ազատականացման արդյունքում մեծ խնդիրներ են առաջացել՝ տասնյակհազարավոր քաղաքացիներ այդ երկրներից մեկնում են ԵՄ և խախտում վիզաների ռեժիմը, ինչը հավելյալ բարդություն է առաջացնում ԵՄ-ի ներսում ևս մեկ երկրի հետ նման ազատականացում նախատեսելու ճանապարհին։ Սա որևէ կերպ ՀՀ-ի հետ կապված չէ, այս պահին և՛ ԱԳՆ-ն, և՛ ոստիկանությունը զբաղվում են այս խնդիրներով, իսկ մենք՝ որպես խորհրդարան, բոլոր հանդիպումների ընթացքոմ բարձրաձայնում ենք այս հարցի կարևորության մասին»,- ասաց Ենգիբարյանը:

Իշխող քաղաքական ուժը, ըստ նրա, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը չի դիտարկում մի քանի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, այլ ՀՀ տնտեսությունը, իրավական, հասարակական-քաղաքական համակարգը բարեփոխելու դիտանկյունից է տեսնում: «ՍԵՊԱ-ն իրենից բարեփոխումների լուրջ փաթեթ է ներկայացնում, սա մենք նաև դիտարկում ենք որպես մեր տնտեսությունը և այլ համակարգեր առողջացնելու ու բարեփոխելու գործիք»,- նշեց Ենգիբարյանը: