Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 4-ին Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի (ՀՈՒՍԿ) գրասենյակում տեղի ունեցավ հանձնախմբի նախաձեռնությամբ հրատարակված երեք գրքերի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին «ՀՈՒՍԿ»-ի իրանցի բարեկամները:
Բացման խոսքով հանդես եկավ Հայ Դատի հանձնախմբի անդամ Սարինե Թորոսյանը` ներկայացնելով գրքերը, հեղինակներին, թարգմանիչներին եւ օրվա բանախոսներին:
Առաջին գիրքը, որի մասին խոսեց իրանցի անվանի պատմաբան Քավե Բայաթը, Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետության պատմությունը» կոթողային աշխատությունն է, որն անգլերենից պարսկերեն էր թարգմանել Աթուսա Սամիին: Գիրքը հրատարակվել է 2018-ին` Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ:
Պատմաբան Քավե Բայաթը, ներկայացնելով գիրքը, նշեց, որ այն պատմական եւ փաստավավերագրական չափազանց արժեքավոր ստեղծագործություն է, որը ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կովկասի իրավիճակը, Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի Հանրապետության կերտման, հաստատման եւ կայացման գործընթացը:
Երկրորդ գիրքը` Հայ Դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանի հեղինակած «Նեմեսիսի գործողություն»-ն է: Գիրքը ներկայացրեց Անի Հովսեփյանը՝ նշելով, որ հեղինակը համապարփակ ներկայացրել է Սողոմոն Թեհլիրյանի հերոսական գործողությունն ու Նեմեսիսի գործողությունը` ընդհանրապես: Գրքի մասին խոսեց նաեւ Իրանի խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր, դոկտ. Կարեն Խանլարյանը` «Նեմեսիսի գործողությունը» ներկայացնելով արդարության իրագործման եւ մարդկային իրավունքի վերականգնման համատեքստում:
Երրորդ գիրքը 1915թ. Հայոց ցեղասպանության ականատեսներից` գերմանա-շվեյցարացի Յակոբ Կոնցլերի «Արյան ու արցունքի հովտում» պատմափաստագրական աշխատություն է, որը պարսկերեն է թարգմանել դոկտ. Սայիդ Ֆիրուզաբադին: Գիրքը ներկայացրեց թարգմանիչը` նշելով, որ ուսումնասիրության հեղինակն անկողմնակալ հայացքով է անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: Նա ընդգծեց, որ նման փաստագրական տվյալների հավաքագրումը շարունակվում է նաեւ այսօր՝ կարեւորելով Թուրքիայում ծպտյալ հայերի մասին բացահայտումները: