կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-25 16:28
Հասարակություն

27 տարին լրացած ու չծառայած տղաները կրկին շանս կունենան փող մուծելու ու ազատվելու հետապնդումից

27 տարին լրացած ու չծառայած տղաները կրկին շանս կունենան փող մուծելու ու ազատվելու հետապնդումից

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանի  պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց, որ քաղաքացիների խնդրանքով առաջարկում են, որ սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած, 27 տարին լրացած քաղաքացիներին թույլ տրվի գալ ՀՀ, համապատասխան գումարը մուծել ու ազատվել քրեական հետապնդումից: 

Ըստ առաջարկի`բոլոր այն տղաները, որոնք ենթակա են ծառայության, բայց պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել, և 27 տարեկանը լրացել է կամ լրանալու է մինչև 2019-ի մարտի 1-ը, կարող են գալ ու պետության հետ «մաքրել իրենց հաշիվները»:

 Հիշեցնենք, որ ամեն տարի այս օրենքում փոփոխություններ են արվում, ու ժամկետը երկարացվում է: Նախորդ անգամ օրենքում փոփոխություն կատարելով՝ մեծացրեցին նաև գումարի չափը՝ 1,8 մլն-ից դարձնելով 3 մլն 600 հազար դրամ: 

«Ամեն տարի մարդիկ փախչում են, սպասում են այս օրենքին` մտայնությամբ, թե «մի երեք տարի էլ կթաքնվենք, կգանք»: Չգիտեմ` սրանով քանի՞ մարդ կազատվի»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Ի պատասխան` Գորգիսյանը հստակեցրեց, որ նախորդ կառավարությունն այս օրենքին այնպիսի լուծում էր տվել, որ դա վերջին անգամ է լինելու: «Ժամկետը երկարացնելու հնարավորություն այլևս չէր տրվելու, բայց, մյուս կողմից, համակարգային լուծում չկա սրա համար: Խոսքը այն տղաների մասին է, որոնք փոքր ժամանակ գնացել են ՀՀ-ից ու հիմա ակնկալիք ունեն վերադառնալու, նրանց այդ ակնկալիքից զրկելը ճիշտ չի լինել»,- ասաց նա:

 «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավոր` Արմեն Խաչատրյանը, ասաց, որ օրինագծի ընդունումը տեղին է համարում, որովհետև հնարավորություն կտրվի 27 տարին լրացած քաղաքացիներին վերադառնալու ՀՀ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ այս պահին 27-35 տարեկանի սահմանագծին ունենք 3225 մարդ: «Հիմա, որ ասում ենք` համապարփակ լուծում պետք է գտնենք, այնպիսի լուծում, որ հնարավորինս շատ մարդ հնարավորություն ունենա վերադառնալու ՀՀ, բայց չվնասենք ո՛չ զորակոչին, ո՛չ պաշտպանական համակարգին, վերջին հաշվով այս մարդիկ, որ այս վիճակում են հայտնվել, նրանք երեխա են եղել, նրանց  ծնողները ՀՀ-ից դուրս են բերել նրանց, և նրանք չեն գիտակցել՝ ծնողները ինչ խնդիր են լուծել՝ գուցե  անվտանգությունից ելնելով: Բայց մենք պետք է պետական շահով առաջնորդվենք: Այս պահի դրությամբ հետախուզվողների թիվը 10000-ից ավելի է: Այնպես որ` այս անգամ էլ գուցե մենք շարժվենք այս տրամաբանությամբ և մտածենք և՛ հանձնաժողովով, և՛ կառավարության  հետ, գտնենք լուծում, որ ոչ թե ռեսուրսը համարենք կորցրած, այլ մասնակից անվտանգության համակարգի ուժեղացմանը»,- ասաց նա` ամփոփելով` 2003-ից սկսած` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի պարբերաբար փոփոխությունների արդյունքում  մոտ 9800 մարդ վերադարձել է Հայաստան:

Նշենք, որ կառավարությունը նույնպես կողմ էր ծրագրին: