կարևոր
724 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-13 10:02
Քաղաքական

ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել. «Ժողովուրդ»

ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել:

Եվրոպամետ ուժերը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որքան էլ իբրեւ եվրոպամետ է դիրքավորվել, ԱԺ-ում մերժելու է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի իրենց նախագիծը. ուստի արտախորհրդարանականներն արդեն իսկ պատրաստվում են «պլան Բ»-ի եւ մտադիր են օրենքի պահանջով 60 օրում 300 հազար ստորագրություն հավաքել, որի դեպքում արդեն, երկրորդ փուլով, նախագիծը ինքնաբերաբար, օրենքի ուժով կդրվի հանրաքվեի:

«Իշխանությունները չէին թաքցնում իրենց դժգոհությունը: Նրանք մեր այս նախաձեռնությունը համարում էին արկածախնդրություն, «ազգային ազատագրական պայքար», չգիտես ինչու՝ հեգնանքով: Այնպես որ, ես չգիտեմ՝ որքանով է անհամաձայնության այդ տեսակետը պաշտոնական, բայց այն կիսում են ՔՊ անդամ պատգամավորները: Մենք 60.000 քաղաքացիների քվեները ջուրը չենք գցի: Ի սկզբանե նշել էինք, որ մինչեւ վերջ գնալու ենք մեր նպատակին հասնելու համար, եւ եթե մերժվի, 300 հազար ստորագրություն էլ կհավաքենք», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:

Նշենք, որ ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով հավաքված 60 հազար ստորագրություններն արդեն ԿԸՀ-ում են:

Արտախորհրդարանական ուժերը մտադիր են արդեն նոյեմբերի վերջին նախաձեռնությունը ԱԺ տանել»: