Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավորական 18 մանդատ ունի նաև այն պատճառով, որ հեղափոխությանը մասնակցել է այնքանով, որքանով մասնակցել է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան:
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման մասին, թե Մարուքյանի կեցվածքում ոչինչ չի փոխվել, նա արձագանքեց. «Դե ինչ ասեմ, ցավում եմ մեր ընկերոջ համար»:
Վարչապետի մեկ այլ դիտարկմանը` ԼՀԿ խմբակցության պատգամավորին պատկանող լրատվամիջոցի դիմաց Վատիկանի դրոշը կախելու մասին, պատգամավոր Մարուքյանն արձագանքեց, որ երբ դրոշները դրված էին այդ խմբագրության դիմաց, Փաշինյանն այդտեղ չէ՞ր գնում, հարցազրույցներ տալիս: «Այդ ժամանակ նրան չէի՞ն խանգարում դրոշները: Երբ նրան 24 ժամ լուսաբանում էին, այդ ժամանակ դա լավ կանալ էր, հենց պետք չի, Վատիկանի դրոշի կանա՞լն է: Ձե՞ռ եք առնում, էս ի՞նչ ձևեր է, չափ կա, սահման կա: Պետք ա ամեն մարդ իրան հաշիվ տա, թե ինչ է խոսում»,- նշեց նա` զարմանալով, որ երբ պետք է, ինքը լավն է, երբ ոչ` վատը:
Մարուքյանը հստակեցրեց նաև, որ իրենք քաղաքականությունն ու անձնական հարաբերությունները չեն շփոթում: «Սա քաղաքականություն է, մենք քաղաքականությունն ու անձնական հարաբերությունը կարողանում ենք տարանջատել: Ինձ համար, ինչքան էլ քննադատենք, մարդկային հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են, ու մարդկային հարաբերությունները չեն կարող տուժել: Եթե հակառակ կողմի համար կարող են տուժել, ես ուրիշի փոխարեն ոչինչ չեմ կարող ասել, բայց մենք մեր գաղափարներն ու երազանքներն ունենք, նրանք` իրենցը: Նա իր հավատամքն ունի, մենք` մերը: Մենք տարբեր ենք, ու պետք չի դրանից նեղվել: Մենք տարբեր էինք նաև «Ելք»-ի ժամանակ: Մենք նմանատիպ բուռն քննարկումներ ունեցել ենք «Ելք»-ի խմբակցություններում կամ գրասենյակներում: Երբ մեզ ասում էին, թե դուք չեք կարող ընդդիմություն լինել, մենք ասում էինք` ներսում էլ ենք ըննդիմություն: Հիմա այդ ամենը դառնում է հրապարակային: Դուք տեսաք դրա հրապարակային սցենարը` մաս մեկը: Հիմա կտեսնեք մաս երկուսը, մաս երեքը և այլն»,- ասաց նա:
Մարուքյանին վրդովեցրել էր նաև այն դրվագը, որ վարչապետն իրենց խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին կատակով ասաց, թե «լավ եք պահպանվել»: «Հիմա կնոջը ձե՞ռ եք առնում: Հիմա մենք ձեր կին պատգամավորների ամեն ասածի հետևից ընկնե՞նք: Բայց կարող ենք, չէ՞, անել, ի՞նչ ձևեր են: Կամ ասենք` երբ Սրբուհի Գրիգորյանն ասում է` կարմրախայտ չկա, ու կենտրոնանում են դրա վրա: Քննարկման մակարդակն իջեցնում են կարմրախայտի, տոլստոլոբի ու տառեխի վրա»,- նշեց նա:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի այն հայտարարությանը, թե «սգո սերվիս դեմքերով ու ձայներով ելույթներ են ունենում», ԼՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Էդ ասողին սև սգո սերվիս ցույց կտանք»: