Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական նիստում, որի օրակարգում են կառավարության ծրագրի և կառուցվածքի մասին նախագծերը, ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը: Նա առավելապես անդրադարձավ կառավարության ծրագրի նախագծի արտաքին քաղաքական և պաշտպանությանը նվիրված բաժիններին:
Մինչ այդ` նա մի քանի դիտարկում ներկայացրեց: «Երեկ իշխանական պատգամավորներից մեկն իր ելույթում ընդդիմությանը մեղադրում էր անընդհատ խոսելու մեջ, թե` բա արդեն գործելու ժամանակն է: Հարգելինե'ր, «պառլա, պառլարե» խոսքից առաջացած խորհրդարանում մեր գործը խոսելն է: Ձեր պատկերացրած գործը պետք է գործադիրն անի, մենք էլ պետք է մեր խորհրդարանով վերահսկենք նրանց աշխատանքը: Ինչ վերաբերում է ծափերով ուղեկցված ելույթին, ապա գեղեցիկ այլաբանությունները ոչ մի աղերս չունեն մեր կյանքի հետ, քանի որ ձեր նկարագրած այգին ու այգեպանը, եթե չունեն ներքին և արտաքին անհրաժեշտ պաշտպանություն անձրևից, կարկուտից, կայծակից, այգու ծառերը ոչ մի դեպքում ձեր նկարագրած բերքը չեն ապահովելու: Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են` «լակոտ», ձեզնից և ոչ մեկը նրան չի պաշտպանում: Ի՞նչ այգի, ի՞նչ այգեպան, ի՞նչ հիմն, ի՞նչ դրոշ, երբ պետականության համար կենսական այս ինստիտուտները չենք կարողանում միասնաբար պաշտպանել»,- ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ անցած 10 ամիսներն ավելի քան բավարար էին կառավարության այնպիսի ծրագրի մշակման համար, որը կդառնար առաջիկա ոչ միայն 5, այլև 10 -15 տարիների զարգացմանը ուղենիշը: «Այս փաստաթուղթը ապառազմավարական, ապահայեցակարգային փաստաթուղթ է: Կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում որևէ ստրատեգիական հենք: Առանձին բաժիններ և գլուխներ դրանում ներառված են զուտ մեխանիկորեն`առանց պատճառահետևանքային կապի: Մի նպատակադրում չի պարունակում այլ նպատակների իրականացում: Ծրագիրը չի ստանձնում այն առաքելությունը, որը պիտի ստանձնի Հայաստանի Հանրապետությունը»,- շեշտեց Բաբաջանյանը:
Նա չի հասկանում` հետհեղափոխական Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության որ մասն է ապահովելու և ինչպես: «Ցավոք, այս ծրագրում ես տեսա, որ մենք առաջիկայում լինելու ենք ոչ թե համաշխարհային քաղաքակրթության ու անվտանգության մատակարար, այլ ընդամենը` սովորական սպառող: Իսկ սովորական սպառողները սեփական օրակարգ չեն ունենում, առավել ևս` չեն թելադրում», - նշեց Արման Բաբաջանյանը: