կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 15:16
Հասարակություն

Ծպտյալ և իսլամացած հայերի խնդրի արծարծումը թուրքական մամուլում

Ծպտյալ և իսլամացած հայերի խնդրի արծարծումը թուրքական մամուլում

Վերջին տարիներին  Թուրքիայում նախկինում տաբու եղած մի շարք թեմաներ, պայմանավորված Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցելու գործընթացով և հարակից այլ գործոններով, սկսել են արծարծվել և համեմատաբար ազատ քննարկվել թուրքական մամուլում: Նման տաբու թեմաներից մեկն էլ Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում և հանրապետական Թուրքիայի այլ շրջաններում մնացած արևմտահայության բեկորների` ծպտյալ և այլադավան հայերի խնդիրն է:

 

Ժամանակակից թուրքական մամուլը որոշակի տեղ է հատկացնում հավատափոխ եղած հայերի տեղաբաշխվածության, թվաքանակի, գործունեության ոլորտների հարցերին, բերում ծպտյալ հայերի` արմատներին վերադառնալու և կրոնադարձության դեպքերի օրինակներ:

 

Թուրք մտավորական շրջանակներին, ներառյալ` լրագրողներին առավելապես հուզող խնդիրն է, թե ինչ դեր են կատարել ու շարունակում կատարել բարձր դիրքի հասած հայ և այլազգի կրոնափոխները Թուրքիայի քաղաքական կյանքում:

 

Ծպտյալ հայերի ներգրավվածությունը ձախակողմյան հոսանքներում, ինչպես նաև ձախ ահաբեկչական կազմակերպություններում վերջին տարիներին թուրքական մամուլում հաճախակի հնչեցված տեսակետներից է, որը պարբերաբար մամուլի օրակարգ է բերվում նաև Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ, պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուի կողմից: Այս թեմային հատկապես հաճախ է անդրադառնում հայտնի լրագրող Մեհմեթ Շևքեթ Էյգին:

 

Կրոնափոխ հայերի առնչությամբ թուրքական մամուլում արծարծվող թեմաներից մեկն էլ թուրքական ցեղապաշտությամբ տառապող հայտնի իսլամացած հայերն են: Հարկ է նշել, որ որոշ նման հայեր էլ ոչ վաղ պատմության ընթացքում և ներկայում աչքի են ընկնում իրենց արտահայտված հայատյացությամբ և թուրք ազգայնամոլությամբ:

 

Կրոնափոխ հայերի թեմայով թուրքական մամուլում պատահում են նաև իսլամացած հայերի հանդեպ դրական վերաբերմունք արտահայտող հոդվածներ, որոնցում հանդուրժողականություն է քարոզվում նման հայերի նկատմամբ:

Ծպտյալ և այլադավան հայերի խնդիրը թուրք լրագրողների կողմից քննարկվում է նաև կրթական համակարգում նման հայերի առկայության համատեքստում:

Թուրքական մամուլում ծպտյալ և այլադավան հայության թեմայի շուրջ ակտիվ քննարկումներ արձանագրվեցին հատկապես 2007 թ. սկզբներին, որը պայմանավորված էր Հրանտ Դինքի թաղման արարողությանը “Բոլորս հայ ենք” վանկարկող հոծ զանգվածի մասնակցությամբ: 2007 թ. սույն թեմայով քննարկումները դարձյալ ակտիվացան ամռան վերջերին, այն բանից հետո, երբ օգոստոսի 18-ին Կայսերի քաղաքում կայացած սիմպոզիումի ժամանակ Յուսուֆ Հալաչօղլուն արտահայտեց այն միտքը, թե Թուրքիայում քրդերի մեծ մասն ունի թուրքմենական ծագում, իսկ ալևի քրդերը կրոնափոխ հայեր են, ովքեր անվանափոխ ու դավանափոխ են եղել իր խոսքերով` «1915 թ. տեղահանությունից փրկվելու նկատառումով»:

 

2008 թ. վերջերին ծպտյալ հայերի թեմայի վերարծարծմանն առիթ տվեց Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանի կողմից հրապարակ նետված Թուրքիայի նախագահ Գյուլի մոր հայ լինելու վարկածը:

 

2009 թ. այս թեման թուրքական մամուլում քննարկվում էր նաև Էրդողանի կառավարության ներկայացրած, այսպես կոչված, «քրդական և հայկական նախաձեռնությունների» շրջանակներում: Հարկ է նշել, որ 2009-ի հոկտեմբերին թուրքական մամուլում ընդհանրապես նկատելի էր հայկական թեմատիկայի հանդեպ հետաքրքրության աճ, որը պայմանավորված էր ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ:

 

2010 թ. ծպտյալ հայերի թեման ակտիվացավ հատկապես սեպտեմբեր ամսին, երբ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին մասնակցեցին նաև Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի իսլամացած զարմիկները, որոնք հրապարակավ հայտնեցին, որ մկրտվելու համար սպասում են Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը: Թեման անմիջապես լայն արձագանք ստացավ թուրքական լրատվամիջոցների կողմից, քանի որ այն արծարծվում էր Պոլսո հայկական համայնքի հոգևոր առաջնորդի մակարդակով:

 

Թերևս կարելի է արձանագրել, որ թուրքական մամուլում ծպտյալ հայերի հանդեպ ընդհանուր առմամբ նկատելի է երկու տեսակի վերաբերմունք` բացասական և դրական: Բացասական, երբ թուրքական մամուլի էջերում իսլամացված ու, հատկապես, ծպտյալ հայերը դիտվում են որպես Թուրքիայի ամբողջականությանը սպառնացող վտանգ, ու դրական, երբ թուրքական պարբերականներում ներկայացվում են նման հայերի ապրումները: Եթե բացասական վերաբերմունք արտահայտող հրապարակումներում ընթերցողներին կոչ է արվում զգոն լինել ծպտյալ հայերի, հատկապես` բյուրոկրատական ու կրթական համակարգում բարձր պաշտոնների հասած նրանց ներկայացուցիչների նկատմամբ, ապա դրական տրամադրված հոդվածներում բերվում են նման հայերի անհատական պատմությունները, և փորձ է արվում ընթերցողների շրջանում էմպատիա առաջացնել բռնի իսլամացված հայերի, հատկապես` Ցեղասպանության տարիներին թուրքերի և քրդերի հետ ամուսնանալ հարկադրված հայ կանանց ապրած ողբերգությունների հանդեպ:

 

Այսպիսով` կարելի է արձանագրել, որ արևմտահայության մնացորդացի` ծպտյալ և այլադավան հայերի թեման վերջին տարիներին եղել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Իսլամացած և ծպտյալ հայերը թուրքական ԶԼՄ-ներում ներկայացվում են որպես սպառնալիք` ուղղված Թուրքիայի ամբողջականությանը: Ըստ որոշ մամլո օրգանների` այն հայերը, ովքեր իսլամացվելով հանդերձ, շարունակում են պահպանել իրենց հայկական ինքնագիտակցությունը, կարող են վրեժ լուծել Թուրքիայից: Բայց և այնպես, թուրքական որոշ պարբերականներ դրական վերաբերմունք են արտահայտում նման հայերի հանդեպ` ներկայացնելով նրանց պատմությունների ողջ ողբերգականությունը: Հարկ է նշել, որ ծպտյալ և այլադավան հայերի խնդրի քննարկումները թուրքական մամուլում տեղիք են տալիս նաև նման հայերի առաջացման անմիջական պատճառը դարձած Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանն ու լուսաբանմանը:

 


Մելինե Անումյան

Պատմական գիտությունների թեկնածու

 

 

Akunq.net