կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-09 18:58
Արցախ

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են բնական գազի օգտագործման անվտանգության խնդիրները

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են բնական գազի օգտագործման անվտանգության խնդիրները

Արցախի Հանրապետության պետականնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 9-ին հրավիրել է ընդլայնված  կազմով  աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բնական գազի շահագործման հետ կապված անվտանգության խնդիրներին:

Պետական նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել շմոլ գազից հանրապետության տարածքում թունավորման դեպքերի վերջին տարիների վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելի խստացնել վերահսկողական մեխանիզմները: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ տեսչական արդյունավետ գործառույթներ իրականացնելու համար միայն մարդկային գործոնը բավարար չէ, և ամբողջ աշխարհում վաղուց կիրառվում են նաև տեխնիկական տարբեր միջոցներ: «Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունը դարձնել ավելի արդյունավետ: Այսինքն՝ հնարավոր վթարներից և դժբախտ պատահարներից խուսափելու համար պետք է հետևողական լինել բազմաբնակարան շենքերի ծխնելույզների,  բնակարանների ներտնային ցանցի պարբերաբար ստուգման, գազի օգտագործման կաթսաների, անվտանգության համակարգերի ուսումնասիրման և դրանց տեխնիկական զննության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու գործում»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը և առաջարկել պատկան մարմիններին կարճ ժամանակամիջոցում կատարել համակողմանի ուսումնասիրություն՝ համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խնդրի շուրջ հանրության շրջանում լրատվամիջոցներով ավելի լայն լուսաբանման, բացատրական լրացուցիչ աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև գազամատակարարող ընկերության և պետական ու համայնքային կառույցների արդյունավետ փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր: