կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-09 17:55
Քաղաքական

«ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային ցուցահանդեսում կներկայացվեն ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը

«ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային ցուցահանդեսում կներկայացվեն ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: 

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: 

Խոսելով երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների մասին, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է համագործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին Դավիթ Տոնոյանին է փոխանցել ս.թ. փետրվարի 17-ից 21-ը կայանալիք  «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաթքումի հրավերը:

Ընդունելով հրավերը՝ Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ  ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության մասնակցությունից բացի, ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունները, իսկ ՀՀ ՊՆ պատվո պահակախումբը և զինվորական նվագախումբը կմասնակցեն հանդիսավոր արարողություններին: