Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 29-ին Չինաստանում մեկնարկել է Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսը, հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։
Հայաստանը ևս ներկայացված է ցուցահանդեսին իր՝ «Ներդաշնակեցվելով բնությանը» խորագիրը կրող տաղավարով։ Հայաստանի տաղավարը նախագծվել և ապահովվել է դիզայներական լուծումներով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ։
Տաղավարում ներկայացված են Հայաստանից բերված այգեգործական մշակաբույսեր, օրինակ՝ երկու ծիրանի ծառ և խաղողի 2 որթատունկ, որոնք հայկական բնության թարմ և ներդաշնակ շունչ են տալիս տաղավարին։ Ներկայացված են նաև Հայաստանի լավագույն գինիները, հայկական կոնյակը և մրգերից պատրաստված ուտեստներ, չրերի ամբողջ տեսականին, սուջուխ ու լավաշ, չրաշոկոլադներ և մրգային ջեմեր, հայկական խալիներ, եկեղեցական հուշանվերներ և պարագաներ, հայկական գրեր և հայկական պատմական նշաններ։ Մեծ էկրանի վրա ցուցադրվում են Հայաստանի մշակույթը, զբոսաշրջային գրավչությունները և գինեգործությունը ներկայացնող հոլովակներ։
Հայկական տաղավարի ղեկավարը Կարեն Խաչատրյանն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի տաղավար է այցելում միջինում օրական 40000-42000 մարդ։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունենում տարատեսակ միջազգային, միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող համաժողովներ և քննարկումներ՝ ներգրավելով նոր այցելուների։
Ի թիվս այլ ԶԼՄ-ների՝ չինական CCTV հեռուստաընկերության ռեպորտաժում հատուկ անդրադարձ է եղել Հայաստանի տաղավարին։
Ցուցահանդեսին մասնակցում են 97 երկրներ և միջազգային ասոցիացիաներ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը։
Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, տարբեր երկրների առաջնորդներ, բարձրաստիճան հյուրեր։ Հայաստանից մասնակցել են Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։